Ի լրումն նախորդ շաբաթ տարածված ԵՄ հայտարարությանը՝ կորոնավիրուսային համավարակի բռնկման դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանին տրամադրվող Եվրամիության աջակցության, ինչպես նաև ՀՀ կառավարության հետ առկա ծրագրերի հետագա վերաձևակերպման վերաբերյալ, ԵՄ-ից հայտնում են, որ ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի ընդհանուր առմամբ 92 մլն եվրո՝ անհետաձգելի և կարճաժամկետ կարիքների աջակցության նպատակով։
«Միջոցները կուղղվեն բժշկական սարքավորումների և պարագաների մատակարարմանը, բուժանձնակազմի և լաբորատոր աշխատակիցների վերապատրաստմանը, ՓՄՁ-ներին և գործարար հանրությանն աջակցությանը, ինչպես նաև կորոնավիրուսային բռնկման հետևանքներից տուժած սոցիալական և հումանիտար օգնությանը:
ԵՄ արձագանքը հետևում է «Team Europe»-ի մոտեցման տրամաբանությանը։ Այն միտված է ԵՄ բոլոր ինստիտուտների ներդրումների ներգրավմանը և դրանց համալրմանը ԵՄ անդամ պետությունների և ֆինանսական հաստատությունների, մասնավորապես Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից մոբիլիզացված ռեսուրսներով: Միասնական աշխատանքի արդյունքում՝ «Team Europe»-ն ի զորու է ներգրավել կրիտիկական զանգված, որը քչերին է բնորոշ»,-նշված է հայտարարության մեջ: