Ֆինանսների նախարարությունը առաջարկում է փոփոխություններ կատարել «Գովազդի մասին» ՀՀ օրենքում:
Գործող խմբագրությամբ՝ օրենքի 15-րդ հոդվածի 10-րդ մասի 3-րդ պարբերության համաձայն՝ վիճակախաղի կազմակերպիչն իրավունք ունի համացանցով գովազդելու վիճակախաղը, գովազդը արգելվում է իրականացնել մանկապատանեկան, կրթական, բժշկական, սոցիալական կայքերի միջոցով, իսկ լրատվական կայքերում սույն պարբերությամբ հաստատված գովազդը չպետք է գերազանցի տվյալ կայքէջի 20%-ից ավելին: Հաշվի առնելով, որ չկան հստակ չափորոշիչներ և գործիքներ, որոնք հնարավորություն կտան լրատվական կայքերում տեղադրված գովազդը տվյալ կայքէջի 20%-ից ավելին որակելու կամ չորակելու համար, նման մոտեցումը խնդրահարույց է թե ոլորտի կարգավորման պրակտիկ իրացման, թե վերահսկողության տեսանկյուններից, քանի որ պարունակում է բարձր հայեցողական մոտեցման ռիսկեր վարչարարության իրականացման համար: Հետևաբար անհրաժեշտ է Օրենքով սահմանված պահանջը քննարկել օրենսդրական կարգավորումների պրակտիկ իրացման տեսանկյունից (ՀՀ կառավարության դիրքորոշումը և մտահոգությունները նշված նորմի կիրառման վերաբերյալ ներկայացվել են ՀՀ Ազգային Ժողովում Օրենքի նախագծի քննարկումների ժամանակ):
«Առաջարկում ենք լրատվական կայքերի միջոցով իրականացվող վիճակախաղերի գովազդների նկատմամբ 20% կայքէջի ծավալային սահմանափակման փոխարեն կիրառել ժամային սահմանումը՝ նախատեսելով, որ լրատվական կայքերի միջոցով վիճակախաղերի գովազդները կարող են իրականացվել 21:00-ից մինչև 06:00-ն ընկած ժամանակահատվածում:
Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ՀՀ պետական կառավարման լիազորված մարմինն իրավասու է, համաձայն ՀՀ գործող օրենսդրության, տուգանք կիրառել գովազդատուի, գովազդ արտադրողի, գովազդակրի նկատմամբ գովազդային օրենսդրության խախտման մասին իր ծանուցագրերի պահանջների կատարումից խուսափելու կամ ժամանակին չկատարելու համար, իսկ 26-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գովազդատու, գովազդ արտադրող, գովազդակիր ձեռնարկությունների ղեկավարները նույն հոդվածի առաջին կետով նախատեսված խախտումների համար կրում են վարչական պատասխանատվություն: Այդ դեպքում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմինն իրավունք ունի նրանց նկատմամբ կիրառել տուգանք` նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով: Նշված կարգավորումներից հստակ երևում է, թե պատասխանատվությունը որ խախտումների համար է կիրառվում:
Սակայն «Գովազդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 19.06.2019թ. ՀՕ-91-Ն օրենքով «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածը 01.01.2020թ.-ից լրացվել է 2.2-րդ մասով, համաձայն որի՝ գովազդատու և գովազդակիր ձեռնարկությունների ղեկավարները նախատեսված խախտումների համար կրում են վարչական պատասխանատվություն: Այդ դեպքում ՀՀ պետական կառավարման լիազորված մարմինը նրանց նկատմամբ կիրառում է տուգանք` նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով: Օրենքի 15-րդ հոդվածի 10-րդ մասի չորրորդ պարբերության համաձայն՝ վիճակախաղի կազմակերպիչն իրավունք ունի համացանցով գովազդելու վիճակախաղը: Նույն պարբերությամբ սահմանված գովազդն արգելվում է իրականացնել մանկապատանեկան, կրթական, բժշկական կայքերի միջոցով:
«Լրատվական կայքերում նույն պարբերությամբ հաստատված գովազդը չպետք է գերազանցի տվյալ կայքէջի 20 տոկոսից ավելին, իսկ 15-րդ մասի համաձայն՝ ինտերնետ շահումով խաղերի գովազդի նկատմամբ կիրառվում են նույն հոդվածով վիճակախաղի գովազդի համար սահմանված պահանջներն ու սահմանափակումները։
Վերոնշյալ կարգավորումներից պարզ չէ, թե որ խախտումների համար է նախատեսվում պատասխանատվություն։ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2.2-րդ մասի` վերոնշյալ ձևակերպմամբ դրույթի կիրառումն իրավական որոշակիության տեսանկյունից խնդրահարույց է»,-նշում են նախագծի հեղինակները: