2019-ի դեկտեմբերին Հրազդանի բնակչի սպանության համար մեղադրվում է Ադրբեջանի Հանրապետությունում ծնված, ազգությամբ ազերի, սակայն վերջին 25 տարում Հայաստանի Հանրապետությունում փաստացի բնակվող, ՀՀ քաղաքացի 41-ամյա տղամարդ, որը տուժողի վաղեմի ծանոթը և հարևանն է:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2019 թվականի դեկտեմբերի 18-ին` ժամը 22:30-ի սահմաններում, 41-ամյա տղամարդն իր հարևանի տանն ընթրել և ոգելից խմիչք է օգտագործել նրա հետ, որից հետո նրանց միջև կենցաղային հարցերի շուրջ վեճ է ծագել։
ՔԿ-ից նշում են, որ ադրբեջանցին, բռունցքով հարվածելով հարևանի դեմքին, գետնին է տապալել նրան, ապա բռունցքով շարունակել հարվածներ հասցնել նրա գլխին և մարմնի այլ հատվածներին, ինչի հետևանքով ստացված վնասվածքներից վերջինս մահացել է:
Ենթադրյալ հանցագործություն կատարած անձին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով: