Առողջապահության նախարարը, որ ֆեյսբուքյան չարաճճիությունների փոխարեն գործով զբաղվեր, հնարավոր է չունենայինք այս նախագծերի անհրաժեշտությունը. Լուսինե Բադալյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը մարտի 31-ին Ազգային ժողովում՝ իր ելույթում նշեց, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր հարցազրույցներից մեկի վերնագիրը ծաղրի առարկա է դարձրել ֆեյբուքում:

«Ես ուզում եմ նախարարին և ընդհանրապես բոլորին վերահաստատել այն, ինչ երեկ եմ ասել ու մի փոքրիկ «սպռավչկա» հատուկ նախարարի ու մնացած մարդկանց համար, ովքեր չեն հասկանում: Կորոնավիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, հետևաբար մահացածին դիահերձման ժամանակ, քանի որ օդակաթիլային ճանապարհով չի կարող անցնել, քանի որ դիակը չի շնչում, չի հազում և չի փռշտում, հետևաբար վարակը փոխանցվում է մակերեսների հետ շփման միջոցով: Հետևաբար դիահերձման կանոնները պիտի համապատասխանեն վարակիչ կամ սուր վարակիչ հիվանդություններից մահացած մարդկանց դիահերձման կանոններին»,-ասաց նա:

Պատգամավորը առաջարկեց  ֆեյսբուքյան չարաճճիությունների ու վերնագրեր մանիպուլացնելու փոխարեն ոլորտային ու նախագծին վերաբերող հարցազրույցները լսել ամբողջությամբ:

Լուսինե Բադալյանը նաև հավելեց. «Եթե ես հանկարծ որոշեմ ձեր բոլոր սխալները, պարոն նախարար, մանիպուլացնել կամ դնել ֆեյսբուքյան քվեարկության կամ էլ էստեղից հայտնել, հետևանքները, վստահ եմ, ձեզ հաստատ հաճույք չեն պարգևի»:

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 30-ին ԱԺ-ում քննարկվում էր «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Օրենքի լրացման դեպքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չեն իրականացվի:

Նախագծի հիմանվորման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունում գործող ախտաբանաանատոմիական ծառայություններ մատուցող կազմակերպությունները չունեն կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետեւանքով մահացած անձանց հերձում իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ եւ չեն բավարարում դրա համար նախատեսված միջազգային պահանջներին: Միաժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված հիվանդության վարակելիության աստիճանը դեռեւս ամբողջությամբ բացահայտված չէ, ինչը կարող է հերձման արդյունքում առաջացնել վարակի տարածման անդառնալի հետեւանքներ, ինչպես նաեւ բացահայտված չէ դիակի մեջ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ապրելիության ժամանակահատվածը, անհրաժեշտ է,  ըստ բժշկական փաստաթղթերի,  կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետեւանքով անձի մահվան դեպքում չիրականացնել հերձում, ինչն էլ վկայում է «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու անհրաժեշտության մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել