Դեսպանությունը կազմակերպեց Վրաստանում գտնվող ՀՀ քաղաքացիների հերթական խմբի մեկնումը Հայաստան։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Մարտի 27-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների հերթական խմբի մեկնումը Հայաստան։
Վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ստացած հատուկ թույլտվությամբ և Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, դեսպանությունն իրականացրել է ՀՀ 23 քաղաքացիների մեկնումը հայրենիք։
Նշենք, որ դեսպանությունը հոգացել է, որ քաղաքացիները տեղափոխվեն մինչև Երևան։
Տեղեկացնենք, որ Վրաստանի Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)։