Ազգային ժողովի պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը, Հրաչյա Հակոբյանը և Համազասպ Դանիելյանը շրջանառության մեջ են դրել նոր օրենքի նախագիծ՝ ալկոհոլային խմիչքների իրացման, սպառման, օգտագործման, գովազդի եւ առողջության վնասակարության մասին տեղեկատվության տրամադրման վերաբերյալ։
Սույն օրենքի իմաստով՝ ալկոհոլային խմիչք է համարվում հեղուկ վիճակում գտնվող էթիլային սպիրտի օգտագործմամբ եւ (կամ) սննդի հումքից եւ (կամ) ալկոհոլ պարունակող սննդի արտադրանքներից պատրաստված խմիչքները։ Թունդ ալկոհոլային խմիչք է համարվում սպիրտի պարունակությունը 20 եւ ավելի ծավալային տոկոս ունեցող արտադրանը, թույլ ալկոհոլային խմիչք՝ սպիրտի պարունակությունը մինչեւ 20 ծավալային տոկոս ունեցող արտադրանքը։
Ալկոհոլային խմիչքների մակնշումը և փաթեթավորումը կներառի առողջությանը վնասակարության մասին նախազգուշացնող տեքստ՝ «ալկոհոլի չարաշահումը վնասակար է առողջությանը» վերտառությամբ:
Նախազգուշացման տեքստը պետք է՝
ա) տեղադրված լինի Հայաստանի Հանարապետության պետական լեզվով.
բ) հստակ ու ընթեռնելի լինի.
գ) տպված լինի այնպիսի գույնով, որ բացառի ֆոնի հետ միաձուլումը.
դ) տեղադրված լինի այնպես, որ բացառի այն հեռացնելու հնարավորությունը.
ե) տեղադրվի այնպես, որ բացելիս հնարավոր լինի խուսափել այն վնասելուց.
զ) նախազգուշացման տեքստի տառաչափը պետք է մեծ լինի ալկոհոլային խմիչքի բաղադրությունը ներկայացնող տեքստի տառաչափից:
Տեսանյութերի եւ անիմացիոն տեսանյութերի միջոցով իրականացվող գովազդի դեպքում նախազգուշացնող տեքստը կլինի՝
ա) գրված Հայաստանի Հանարապետության պետական լեզվով.
բ) գրված գովազդի ողջ ընթացում.
գ) հստակ ու ընթեռնելի.
դ) գրված այնպիսի գույնով, որ բացառի ֆոնի հետ միաձուլումը:
Ձայնային գովազդի դեպքում նախազգուշացնող տեքստը կհնչի՝
ա) Հայաստանի Հանարապետության պետական լեզվով.
բ) գովազդի վերջում.
գ) հստակ և նույն ձայնի բարձրությամբ ինչ գովազդում հնչող խոսքը:
Նախագծի ընդունման դեպքում ՝ ալկոհոլային խմիչքի վաճառքի բոլոր կետերում՝ դրամարկղերի մոտ կամ դրանց հարակից տարածքներում, տեսանելի մասում պարտադիր կփակցվի հետեւյալ նախազգուշացումը.
18 տարին չլրացած անձանց ալկոհոլային խմիչք չի վաճառվում:
Կարգելվի ալկոհոլային խմիչքների հետեւյալ փակ, կիսափակ եւ հանրային տարածքներում վաճառքը կամ որեւէ այլ եղանակով իրացումը՝
1) բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող հաստատությունների, առողջարանային հաստատությունների ներսում.
2) նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական ուսումնական, բարձրագույն եւ հետբուհական ուսումնական հաստատություններում.
3) մանկական սրճարաններում (բացառությամբ թույլ ալկոհոլային խմիչքների).
4) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների ներսում.
6) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների շենքերի ներսում:
Կարգելվի ալկոհոլային խմիչքները վաճառել կամ որեւէ այլ եղանակով իրացնել 18 տարին չլրացած անձանց: Եթե վաճառողի կամ որեւէ այլ եղանակով իրացնողի կողմից կասկածներ են առաջացել գնորդի կամ որեւէ այլ եղանակով ձեռքբերողի տարիքի վերաբերյալ, ապա նա պետք է պահանջի Հայաստանի Հանրապետության օրնեսդրությամբ նախատեսված անձը հաստատող փաստաթուղթ եւ դրա չներկայացման դեպքում չվաճառել կամ որեւէ այլ եղանակով չիրացնել դրանք:
Կարգելվի նաև ալկոհոլային խմիչքների անվճար տարածումը՝ բացառությամբ մարկետինգային նպատակներով համտեսումների իրականացումը: Ալկոհոլային խմիչքները օգտագործելը կարգելվի մրցանակ խաղերի, մրցույթների, սպորտային, մշակութային, գովազդային եւ ճանաչողական միջոցառումների ժամանակ:
Ալկոհոլային խմիչքների օգտագործումն կարգելվի նաև՝
1) բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող հաստատություններում եւ դրանց շենքերի մուտքերից ուղիղ գծով 5 մետր հեռավորության վրա.
2) նախադպրոցական, հանրակրթական ուսումնական հաստատությունների, նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական ուսումնական, բարձրագույն եւ հետբուհական ուսումնական հաստատություններում եւ դրանց շենքների մուտքերից ուղիղ գծով 5 մետր հեռավորության վրա.
3) մանկական սրճարաններում (բացառությամբ թույլ ալկոհոլային խմիչքների)
4) համայնքի կողմից երեխաների համար նախատեսված խաղահրապարակների եւ խաղային պուրակների տարածքներում.
6) զորամասերում եւ զինվորական հաստատություններում, բացառությամբ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված օգտագործման համար առանձնացված հատուկ տարածքների.
7) հասարակական՝ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում, մետրոպոլիտենում.
8) Ձերբակալվածներին եւ կալանավորվածներին պահելու վայրերում, ուղղիչ հիմնարկներում:
Ալկոհոլային խմիչքներներ օգտագործող դեռահասներին և վերարտադրողական տարիքի կանանց, ովքեր կդիմեն բժշկական հաստատություններ, կտարամդրվի ալկոհոլից կախվածության բուժման եւ հետեւանքների վերացմանն ուղղված անվճար բժշկական օգնություն եւ սպասարկում:
Խախտումների դեպքում տուգանքներ են նախատեսվել։
Ալկոհոլային խմիչքների մասին ՀՀ օրենքը կանոնակարգելու է ալկոհոլային խմիչքների իրացման, սպառման, օգտագործման, գովազդի եւ գործընթացը, կոչված է ներկա եւ ապագա սերունդներին պաշտպանելու ալկոհոլային խմիչքների օգտագործման՝ մարդկանց առողջության համար վնասակար ազդեցությունից, ինչպես նաեւ սոցիալական եւ այլ հետեւանքներից:
Հեղինակները նշում են, որ առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից իրականացված եւ 2019 թվականին հրապարակված վերլուծությունը փաստում է, որ Հայաստանում ալկոհոլի օգտագործման ծավալներն աստիճանաբար աճում են:
«2010 թվականից հետո ալկոհոլի օգտագործման ցուցանիշը ավելի քան 2 անգամ աճել է տղամարդկանց շրջանում, որոնց կեսը չարաշահում է ալկոհոլը: Ալկոհոլային խմիչքների աճի միտում կա նաեւ երիտասարդության շրջանում: Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի 2013-2014թթ. ազգային հետազոտության տվյալների համաձայն ալկոհոլային խմիչք շաբաթը առնվազն մեկ անգամ օգտագործում են մինչեւ 11 տարեկան տղաների 7 տոկոսը, աղջիկների 2 տոկոսը: 2016 թվականին տղամարդկանց շրջանում լյարդի բոլոր հիվանդությունների մեջ ցիռոզի մահվան դեպքերը կազմել են 69 տոկոս, որոնցից 4,8 տոկոսը պայմանավորված է ալկոհոլային ցիռոզով: Ալկոհոլային խմիչքների օգտագործմամբ պայմանավորված ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը եւս մտահոգիչ է
Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները անհրաժեշտություն է առաջանում կանոնակարգելու ալկոհոլային խմիչքների իրացման, սպառման, օգտագործման եւ գովազդի գործընթացները՝ նպատակ ունենալով նվազեցնել չափից ավելի օգտագործողների շրջանակը, կանխարգելել երիտասարդության շրջանում ալկոհոլային խմիչքների չափից շատ օգտագործումը»,-նշել են հեղինակները: