Ազգային ժողովում այսօր՝ մարտի 25-ին, հերթական նիստի ժամանակ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ներկայացրեց «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Էրիկ Գրիգորյանը նշեց, որ ախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի և երկրորդային հումքից արտադրված պարկերի և տոպրակների) օգտագործումն արգելել:
Նախագծում նշվում, որ Հանրապետությունում առևտրի և սպասարկման ոլորտներում պոլիէթիլենային պարկերի և տոպրակների լայն կիրառումը հանգեցրել է բնապահպանական խնդիրների առաջացման: Շրջակա միջավայր արտանետված պոլիէթիլենային փաթեթները երկար ժամանակ պահպանվում են և չեն ենթարկվում կենսաբանական քայքայման, որի հետևանքով դրանք առաջացնում են կայուն աղտոտվածություն: Թաղանթի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների օգտագործման միջին ժամանակահատվածը 10-15 րոպե է, իսկ բնության մեջ դրա քայքայման համար անհրաժեշտ է ավելի քան 400 տարի: Միջազգային գիտահետազոտական կառույցների կողմից արդեն իսկ հրապարակվել են տվյալներ, որոնք փաստում են միկրոպլաստիկի առկայությունը ոչ միայն ջրային և հողային ռեսուրսներում, այլ նաև կենդանի օրգանիզմներում և սննդամթերքի մեջ:Միկրոպլաստիկ է հայտնաբերվել նույնիսկ անձրևի կաթիլների մեջ:Oգտագործված պլաստիկ արտադրանքով՝ այդ թվում նաև պոլիէթիլենային փաթեթներով և դրանց մնացորդներով աղտոտված են Հայաստանի Հանրապետության ջրային տարածքները, հանգստավայրերին և զբոսաշրջության վայրերին կից տարածքները: Օգտագործված պոլիէթիլենային փաթեթներով և(կամ) դրանց մնացորդներով աղտոտված են Երևանի, Գեղարքունիքի, Լոռու, Արմավիրի, Կոտայքի և Շիրակի մարզերի ջրավազանների մոտակայքում գտնվող տարածքները, որտեղ առկա են պլաստիկ թափոնների խոշոր կուտակումներ, հանգստավայրերին և զբոսաշրջության վայրերին կից բնական օբյեկտները և տարածքները: Ըստ ԵԱՀԿ-ի գնահատականի՝ պլաստիկ տարաները, շշերը և տոպրակները հանդիսանում են Հայաստանում ջրերի հիմնական աղտոտիչները:
Առկա վիճակը պայմանավորված է նաև հասարակության մոտ բնապահպանական մշակույթի անբավարար ձևավորմամբ, և սույն նախաձեռնությամբ, նախատեսվում է տնտեսական լծակների միջոցով փոխել սպառողի վարքագիծը, ինչը սպառողին կստիպի օգտագործել այլընտրանքային (շրջակա միջավայրի և մարդու առողջության պահպանման տեսանկյունից անվտանգ), բազմակի օգտագործման պարկեր և տոպրակներ:
Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շուրջ 120 երկիր արդեն իսկ ընդունել են ազգային իրավական կարգավորիչ միջոցներ՝ պլաստիկ թափոնների կառավարման, մասնավորապես դրանց նվազեցմանը նպաստող տնտեսական գործիքների (բնապահպանական հարկեր, վճարներ, նվազագույն գնի սահմանում և այլն) կիրառմամբ: Բնապահպանական հարկի կիրառմամբ խնդրի կարգավորումը Հայաստանի Հանրապետությունում նպատակահարմար չէ, քանի որ ՀՀ օրենսդրությամբ հարկի դրույքաչափ կարող է կիրառվել միայն կոնկրետ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրի նշումով, սակայն գործող ծածկագրերով հնարավոր չէ առանձնացնել ապրանքատեսակները ըստ թաղանթի հաստության և ըստ վերջնական սպառման ոլորտի:Նախագիծը, նպատակ ունենալով կրճատել շրջակա միջավայրի և մարդու կյանքի ու առողջության համար վնասակար ապրանքների կիրառման ծավալները, ուղղված չէ տնտեսվարողների համար հարկային բեռի ավելացմանը: Հետևաբար, նպատակահարմար է մանրածախ առևտուր իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից տվյալ ապրանքների տրամադրման արգելք: Պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների կիրառման սահմանափակումների մասով արդյունավետ վերահսկողությունն ապահովելու համար անհրաժեշտ պայման է նաև «կշռափաթեթավորում» հասկացության հստակեցումը, որը հնարավորություն կտա նվազագույնի հասցնել համապատասխան մարմինների կողմից վերահսկողության իրականացման ընթացքում ի հայտ եկող անորոշությունները և դրանցից բխող հավանական կոռուպցիոն ռիսկերը: Երկրորդային հումքի ցանկն արդեն իսկ սահմանված է ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի N136-Ն որոշմամբ: