Կորոնավիրուսը և բիզնեսը. ի՞նչ քայլեր է կատարում պետությունը

Կորոնավիրուսի դեմ պայքարի միասնական տեղեկատվական հարթակը հավաքագրել է, թե կորոնավիրուսի հետ կապված՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, պետությունն ի՞նչ քայլեր է կատարում բիզնեսի համար:

Այսպիսով.

  • Կառավարությունը որոշել է առնվազն 150 մլրդ դրամ աջակցություն ցուցաբերել տնտեսությանը։ Այս աջակցության հիմնական նպատակը հետճգնաժամային իրավիճակում տնտեսության արտադրողականությունն ու մրցունակությունը բարձրացնելն է, նորարարությունն ու նոր գաղափարները խթանելը։

 

  • Առաջին փաթեթով 25 մլրդ դրամ ուղղվելու է բիզնեսին մատչելի վարկեր տրամադրելուն։ Մասնավորապես, վարկերը տրվելու են աշխատավարձ վճարելու, կոմունալ ծախսերը հոգալու, արտադրություն կազմակերպելու նպատակով՝ հումք, սարքավորումներ, իսկ առևտրով զբաղվող ընկերությունների դեպքում՝ պարենամթերք ներմուծելու համար։ Փաթեթն ունի երեք հիմնական գործիք՝ Համաֆինանսավորում, վերաֆինանսավորում և տոկոսադրույքի սուբսիդավորում։ Այսպիսով, այս փաթեթից օգտվող կազմակերպությունները կառավարությունից կստանան ստացած վարկի մինչև 50%-ի չափով համաֆինանսավորում 0%-ով, իսկ մյուս 50%-ի բանկային տոկոսները կսուբսիդավորվեն։ Արդյունքում, կտրամադրվեն 0% տոկոսադրույքով վարկային միջոցներ։ Այս աջակցությունից կարող են օգտվել նաև գյուղատնտեսությամբ զբաղվողները՝ սարքավորումներ, տնկիներ, պարարտանյութ և գյուղատնտեսական մթերք ձեռք բերելու համար։

 

  • Շուրջ 25 մլրդ դրամ սոցիալական աջակցության փաթեթ կառանձնացվի և կօգտագործվի՝ ըստ անհրաժեշտության։

 

  • Հիմնադրամի միջոցով կտրամադրվի շուրջ 80 մլրդ դրամի աջակցություն։ Այն կուղղվի նորարարական գաղափարների ֆինանսավորմանը։ Այս աջակցությունը ուղղված կլինի տնտեսության՝ հետճգնաժամային իրավիճակին համապատասխան վերաձևակերպմանը։

 

  • Այս փուլում կառավարությունը ընթացիկ և օպերատիվ աշխատանքով արձագանքում է բիզնեսից եկող ազդակներին։ Այս է պատճառը, որ արտադրական ընկերությունների բնականոն աշխատանքը կազմակերպելու նպատակով Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելու մասին որոշման մեջ կատարվել են փոփոխություններ։ Այդ փոփոխությամբ կառավարությունը թույլատրել է որոշ հումքատեսակների փոխադրումը, որոնք կենսական նշանակություն ունեն նաև տեղի կազմակերպությունների համար։ Մասնավոր ոլորտի հետ քննարկումները շարունակվում են՝ անխափան արտադրական գործունեության համար անհրաժեշտ հումքատեսակները բացահայտելու և բացառությունների ցանկում ներառելու համար։ Ցանկում ներառված ապրանքային կոդերով գործունեություն ծավալող տնտեսվարողները պետք է դիմեն Պետական եկամուտների կոմիտե, որը, ստանալով Էկոնոմիկայի նախարարության համաձայնությունը, կթույլատրի ապրանքների փոխադրումը։

 

  • Անկախ արտակարգ դրությունից՝ Հայաստանի Հանրապետությունում արտադրական գործընթացը շարունակվում է սանիտարահիգիենիկ բոլոր կանոնների պահպանմամբ։ ՍԱՏՄ-ի կողմից խստացվել են նաև արտադրական ընկերություններում ախտահանման և կանխարգելման միջոցառումները։ Տնտեսվարողները ստացել են համապատասխան ուղեցույցները:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել և այն գործում է ՀՀ ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել