Փոխվարչապետ, արտակարգ դրության պայմաններում պարետ նշանակված Տիգրան Ավինյանը մարտի 24-ին որոշում է ստորագրել հանրային իշխանության մարմինների գործունեության նկատմամբ սահմանափակումների մասին՝ մինչև մարտի 31-ը:
Որոշումը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ՝ մինչև 2020 թվականի մարտի 31-ը՝ ժամը 23:59-ը՝
1. Հանրային իշխանության մարմինների գործունեության նկատմամբ սահմանել հետևյալ սահմանափակումները՝
1) Հայաստանի Հանրապետության հանրային իշխանության բոլոր մարմինների գործունեությունը հնարավոր բոլոր դեպքերում իրականացնել հեռավար/առցանց եղանակով՝ միաժամանակ ապահովելով մարմնի գործառույթների անխափան իրականացումը.
2) հանրային իշխանության բոլոր մարմինների վարչական շենքերում արգելել աշխատակիցների մուտքը, եթե առանձին աշխատակիցների վերաբերյալ առկա չէ մարմնի ղեկավարի ցուցումը.
3) Ժամանակավորապես դադարեցնել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների սպասարկման գրասենյակների գործունեությունը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ սահմանափակել դրանց գործունեությունը՝ էապես նվազեցնելով աշխատանքային ժամերն ու անձնակազմի թիվը։ Առցանց ծառայությունների առկայության դեպքում ծառայությունները մատուցել բացառապես էլեկտրոնային եղանակով, իսկ դրա անհնարինության պարագայում՝ անհետաձգելի անհրաժեշտության դեպքում․
4) Քաղաքացիների անհետաձգելի կարիքներին արձագանքելու նպատակով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց պաշտոնական կայէջերի, սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել մարմինների գործող հեռախոսահամրների, կայքէջերի, էլեկտրոնային փոստի
հասցեների և կապի այլ միջոցների վերաբերյալ տվյալներ․
2. ՀՀ նախագահի աշխատակազմին (առաջարկությամբ), ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմին (առաջարկությամբ), Բարձրագույն դատական խորհրդին (առաջարկությամբ), ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմին
(առաջարկությամբ), ՀՀ դատախազությանը (առաջարկությամբ), ՀՀ կենտրոնական բանկին (առաջարկությամբ),, ՀՀ հաշվեքննիչ պալատին (առաջարկությամբ), ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին (առաջարկությամբ), ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին (առաջարկությամբ), ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին
(առաջարկությամբ), ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (առաջարկությամբ), ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին (առաջարկությամբ), ՀՀ
քննչական կոմիտեին (առաջարկությամբ), ՀՀ հատուկ քննչական ծառայությանը (առաջարկությամբ), ՀՀ կառավարության անդամներին, ՀՀ կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարներին, ՀՀ վարչապետին ենթակա մարմինների ղեկավարներին, ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների
ղեկավարներին (առաջարկությամբ)՝ ապահովել սույն որոշման իրականացումը.
3. ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին և ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշմամբ ամրագրված սահմանափակումների պահպանումը.
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից.: