Սույն թվականի մարտի 20-ին հեռավար մեթոդով կայացավ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված «Կոռուպցիայի դեմ պայքարի հայաստանյան համատեքստը. հիմնական առաջնահերթությունները և մարտահրավերները» թեմայով հանրապետական 4-րդ գիտաժողովի բանավոր փուլը։
Գիտաժողովը անցկացվել է 2 փուլով՝ գրավոր և բանավոր։ Գրավոր փուլում առավելագույն միավորներ հավաքած 6 զեկույցների հեղինակները հրավիրվեցին մասնակցելու բանավոր փուլին, որտեղ ներկայացրին իրենց զեկույցները և պատասխանեցին ժյուրիի անդամների՝ դատավորների հարցերին։
Գիտաժողովի բանավոր փուլի դատավորներն էին՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը, Կոալիցիայի երրորդ կազմի կառավարման խորհրդի նախագահ, իրավաբան Արկադի Սահակյանը, Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամներ, հակակոռուպցիոն փորձագետներ Սյուզաննա Սողոմոնյանն ու Մարատ Ատովմյանը։
Գիտաժողովի մասնակիցների զեկույցները, ըստ էության համահունչ էին Հայաստանում ներկայումս ընթացող հակակոռուպցիոն քաղաքականությանը և ներառել են հետևյալ ուղղությունները․
1. Կոռուպցիայի կանխարգելում;
2. Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգեր;
3. Հակակոռուպցիոն կրթության և հանրային իրազեկում;
4. Իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտը Հայաստանում և դրա շրջանակներում Հակակոռուպցիոն համապատասխանատվության ծրագրերի ներդրումը մասնավոր ոլորտում։
Գիտաժողովի գրավոր և բանավոր փուլերի արդյունքներով, գիտաժողովի երրորդ տեղն է զբաղեցրել Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ Նարե Սմբատյանը, երկրորդ տեղը՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Բիզնեսի կառավարում ֆակուլտետի շրջանավարտ Քրիստինե Թաթոսյանը, առաջին տեղը՝ Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտ Եվգենյա Համբարձումյանը։
Գիտաժողովի կազմակերպիչները շնորհակալություն են հայտնում բոլոր մասնակիցներին, ինչպեսև աջակիցներին։ Մասնավորապես՝ «Բուկինիստ» գրատանը, որը տրամադրել է առաջին տեղի համար նախատեսված մրցանակը, և «Այբ Բեն Գիմ» գրատանը, որը Իրավաբանների հայկական ասոցիացիայի հետ համատեղ տրամադրել է երկրորդ և երրորդ տեղերի համար հատկացված մրցանակները։
Գիտաժողովի բոլոր մասնակիցները կստանան մասնակցության հավաստագրեր։