Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից Իրավաբան.net-ը տեղեկանում է, որ 2020 թվականի մարտի 3-ից մարտի 11-ն ընկած ժամանակահատվածում կայացրած որոշումների վերաբերյալ։
Հանձնաժողովը գումարել է թվով 3 նիստ և կայացրել է 3 որոշում։
2020 թվականի մարտի 6-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով հարուցված վարույթի արդյունքում ԿԿՀ-ն կայացրել է հետևյալ եզրակացությունը։
«Թեև Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց հետո պահպանել է «ԿԱՐԳԻՆ ՍՏՈւԴԻԱ» ՍՊԸ-ում, «ԿԱՐԳԻՆ ԹԻՎԻ» ՍՊԸ-ում և «ՀԱՅԿՈ ԸՆԴ ՄԿՈ «ԿԱՐԳԻՆ» ՍՊԸ-ում իր բաժնեմասը, սակայն նշված ընկերությունները փաստացի գործունեություն չեն ծավալել, և եկամուտ, շահույթ չեն ապահովել։ Օրենքի պահանջի ձևական մեկնաբանությամբ «ԿԱՐԳԻՆ ՍՏՈւԴԻԱ» ՍՊԸ-ում, «ԿԱՐԳԻՆ ԹԻՎԻ» ՍՊԸ-ում և «ՀԱՅԿՈ ԸՆԴ ՄԿՈ» «ԿԱՐԳԻՆ» ՍՊԸ-ում բաժնեմասը հավատարմագրային կառավարման չհանձնելը հանդիսանում է անհամատեղելիության պահանջի խախտում։
Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ նշված ընկերությունները փաստացի գործունեություն չեն ծավալել, Հանձնաժողովը եզրակացրել է, որ օրենքի բովանդակային իմաստով անհամատեղելիության պահանջների խախտում առկա չէ»:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման վերաբերյալ հրապարակված փաստերի հիմքով 2019 թվականի դեկտեմբերի 9-ին Հանձնաժողովը վարույթ հարուցելու մասին որոշում էր կայացրել։