«Հարգելի՛ Հաճախորդ,
Հաշվի առնելով, որ կորոնավիրուսի /COVID-19/ տարածման հետևանքով ստեղծված իրավիճակում «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի /այսուհետ՝ Բանկ/ որոշ անհատ հաճախորդներ կարող են խնդիրներ ունենալ պարտավորությունները պայմանագրերով սահմանված կարգով կատարելու կապակցությամբ և նպատակ ունենալով աջակցել հաճախորդներին հնարավոր ֆինանսական դժվարությունների հաղթահարման հարցում` Բանկը որոշել է՝
ա/ 2020 թ.-ի մարտի 13-ից մինչև մայիսի 31-ը ներառյալ պարտավորության պայմանագրով սահմանված ժամանակացույցով վճարումներ չկատարելու դեպքում չկիրառել պայմանագրով սահմանված տուժանքները (տուգանքները, տույժերը և տուգանային տոկոսները),
բ/ 2020 թ.-ի մարտի 13-ից մինչև մայիսի 31-ը ներառյալ անհատ հաճախորդների կողմից պարտավորության պայմանագրով սահմանված վճարման պարտավորության չկատարումը չհամարել ժամկետանց այդ թվում՝ տեղեկատվությունը ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստրի և ԱՔՌԱ Վարկային բյուրո տրամադրման առումով։ Սույն կետը չի տարածվում այն պարտավորությունների նկատմամբ, որոնք 2020թ․-ի մարտի 13-ի դրությամբ եղել են 30 և ավել օր ժամկետանց։
Միևնույն ժամանակ ստեղծված իրավիճակում Բանկը պատրաստ է իր հաճախորդներին առաջարկել անհատական լուծումներ՝ անհրաժեշտության դեպքում հետաձգելով մարման ժամանակացույցով նախատեսված մայր գումարի և հաշվեգրվող տոկոսների մարումը, ինչպես նաև դիտարկել վարկի մարման վերջնաժամկետը երկարաձգելու հարցը։
Սույն ծանուցման կապակցությամբ, պարտավորության մարման ժամանակացույցով նախատեսված մայր գումարի և հաշվեգրվող տոկոսների մարումը հետաձգելու, ինչպես նաև մարման վերջնաժամկետը երկարաձգելու համար կարող եք Բանկ դիմել`
- առցանց` ինտերնետային բանկային ծառայության հաղորդագրության միջոցով,
- նամակ ուղարկելով Բանկի էլեկտրոնային հասցեին` [email protected],
- զանգահարելով հեռախոսային կենտրոն +374 (60) 655 000 համարով, կամ
- եթե վերոնշյալ տարբերակները անհնար են` այցելելով մասնաճյուղ:
Հարգանքով`
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ»,-նշված է հայտարարության մեջ։
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն միացավ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված վարկային արձակուրդ հայտարարած հայաստանյան 16 բանկերին։ Սա վերջին բանկն էր, որը մինչև այսօր հայտարարություն չէր տարածել՝ կորոնավիուսով պայմանավորված վարկային արձակուրդի վերաբերյալ։