Նոր կորոնավիրուսը բուժող դեղերի մասին լուրերին պետք չէ վստահել

Վերջին շրջանում համացանցում շրջանառվում են հակավիրուսային ազդեցություն ունեցող որոշ դեղերի վերաբերյալ տեղեկություններ՝ դրանք ներկայացնելով որպես կորոնավիրուսի բուժման միջոց։ Այնինչ ներկայում նոր կորոնավիրուսի (COVID 19) բուժման որևէ կոնկրետ դեղամիջոց կամ մեթոդ չկա։ Իրենց ներդիր թերթիկում վիրուսների նկատմամբ իմունիտետ բարձրացնելու ցուցումով դեղերը չեն հանդիսանում նոր կորոնավիրուսի (COVID 19) բուժման միջոց։ Չհիմնավորված տեղեկությունների տարածումը թյուրընկալման պատճառ է դառնում և կարող է սպառողին մոլորության մեջ գցել։

Այս համատեքստում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) հորդորում է ֆեյսբուքյան օգտատերերին՝ համացանցում չտարածել ու միմյանց չուղարկել նոր կորոնավիրուսի բուժման վերաբերյալ չհաստատված տեղեկատվություն և հիմք չընդունել նման տեղեկություններն այս կամ այն դեղամիջոցի ենթադրյալ արդյունավետության վերաբերյալ, քանի որ դա կարող է հանրության շրջանում առաջացնել չարդարացված սպասումներ և շփոթություն։

Միաժամանակ, հիշեցնենք, որ Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշման 7-րդ հոդվածի 23 կետի համաձայն՝ ՀՀ-ում եւ ՀՀ-ից դուրս կորոնավիրուսով վարակման դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի, զննում (վարակի թեստավորում) անցնող անձանց և մեկուսացվածների քանակի, ինչպես նաև խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող տեղեկությունների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ՝ ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով, ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում՝ զանգվածային լրատվության միջոցների կողմից կատարվում է միայն պաշտոնական տեղեկատվությանը հղում կատարելով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել