Ունենք 2 պացիենտ, որոնք գտնվում են ռիսկի գոտում, մեկը՝ 67, մյուսը՝ 71 տարեկան։ Նրանց ինքնազգացողությունը շատ լավ է։ Այս մասին այսօր՝ մարտի 15-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ ՀՀ -ում կա կորոնավիուսի հաստատված 28 դեպք։
Փաշինյանը անդրադարձավ նաև այն կարծիքներին, որ Իրանից և Իտալիայից եկած բոլոր քաղքաացիներին պետք է միանգամից մեկուսացնել։
Նա նշեց, որ այս երկրներից ժամանած հարյուրավոր ուղևորներ են եղել, որոնցից ընդամենը 5-6-ն է վարակված եղել։
«Մենք չենք կարող բոլորին մեկուսացնել ինչ-որ պայմաններում։ Եթե մենք այդ քաղաքականությունը վարենք, ապա վաղը Իտալիայից եկող 150 քաղաքացիներին մեկուսացնելու տեղ չէինք ունենա և պետք է նրաց մեկուսացնեինք իրենց տներում։ Կարծում եմ՝ որոշումները ճիշտ են եղել և բխել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհուրդներից»,-նշել է նա։
Փաշինյանը նշեց, որ նա իր ընտանիքի հետ մինչև հիմա գտնվում է Սևանում՝ ինքնամեկուսացված։ Վարչապետը նշեց, որ այսօր կորոնավիուսով վարակված Մեղրիի քաղաքացին նրանց հետ կոնտակտ է ունեցել։
«Մեղրիից Երևան գալու ճանապարհին, կոնկրետ ես այդ քաղաքացու հետ շփում եմ ունեցել, իհարեկ ոչ շատ սերտ շփում։ Այդ պատճառով ես, մոտ 1 ժամ առաջ, նոր թեստ հանձնեցի։ Եթե այդ թեստի պատասխանը կեսգիշերն անց լինի, և եթե պատասխանը լինի դրական, ես և իմ ընտանիքը կշարունակենք ինքնամեկուսացումը։ Եթե լինի բացասական՝ կվերադառնամ Երևան»,-նշել է վարչապետը։
Փաշինյանը վստահեցրեց, 28 վարակված անձանց կյանքին վտանգ չի սպառնում։