Բրազիլիայի դեսպանի հետկանչը առնչություն չունի Աննա Հակոբյանի այցի հետ

«ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մարտի 6-ին Բրազիլիայում հյուրընկալվել էր Նախագահական նստավայրում և հանդիպել երկրի առաջին տիկին Միշել դե Պաուլա Ֆիրմո Ռեինալդու Բոլսոնորուին։ Հանդիպումից հետո լրատվականներում սկսեցին գրել, թե Աննա Հակոբյանը պետք է մեկուսանա, քանի որ հանդիպել է վիրուսակիր նախագահի տիկնոջը։ Այս տեղեկություններին հաջորդեց Բրազիլիայի նախագահի և նրա տիկնոջ տեստավորումը։ Պարզ դարձավ, որ նրանք վարակված չեն նոր տիպի կորոնավիրուսով։

Հայաստանում, սակայն, շահարկումներն այս թեմայով շարունակվում են։ Լրատվամիջոցները Բրազիլիայում ՀՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Գալոյանի հետկանչը կապում են Աննա Հակոբյանի՝ Բրազիլիա կատարած այցի հետ։ Հրապարակումներում նշվում է, թե դեսպանին աշխատանքից ազատել են, քանի որ վերջինս չի չեղարկել առաջին տիկնանց հանդիպումը՝ իմանալով Բրազիլիայի՝ նոր տիպի կորոնավիրուսով վարակված նախագահի մասին։ Հոդվածագիրների պնդմամաբ՝ նույն պաշտոնին արևելագետ Արմեն Հակոբյանի նշանակումը տարակուսանքի տեղիք է տալիս։

Պետք է նշել, որ դեսպանների հետկանչման և նորերի նշանակման գործընթացը երկարատև է և անցնում է տարբեր փուլերով։ Նոր դեսպանի՝ Բրազիլիայում նշանակման համար նախապես ուղարկվել է հավատարմագրման հայտ՝ կառավարությունից դեսպանի նշանակման իրավունք և հաստատում ստանալու նպատակով։ Այս գործընթացին հետևում է նախագահի հրամանագիրը, այնուհետև՝ այնտեղ գործող մեր դեսպանի ետկանչումը։ Վերոնշյալ գործընթացը տևում է ամիսներ, հետևաբար բացառվում է մեկ օրում նման որոշման կայացումը։

Հավելենք նաև, որ ԱԳՆ-ում գործում է դեսպանների ռոտացիոն բնականոն ընթացակարգ և այս փոփոխությունը պետք է դիտարկել հենց այդ համատեքստում»,-այս մասին հայտնում է կառավարության կողմից գործարկվող «Տեղեկատվության ստուգման կենտրոն» պետական տեղեկատվական հարթակը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել