Իրանի սահմանը հատած մեքենաների ուղևորները ՀՀ քաղաքացիներ են. վերջիններիս մոտ կորոնավիրուսին հատուկ ախտանիշ չի արձանագրվել

Ֆեյսբուքի հայկական տիրույթում գրում են, որ հայ-իրանական սահմանը բաց է մարդատար մեքենաների համար։ Օգտատերերից մեկը նշել էր, թե երկու պարսկական մեքենա՝ իրանցի ուղևորներով, անցել է «Թասի ոլորաններ» կոչվող հատվածով։ Գրառումից ենթադրվում էր, թե Կառավարության՝ Իրանի հետ սահմանը փակելու որոշումից հետո, միևնույն է, այն անարգել հնարավոր է հատել։

Այս մասին հայտնում է կառավարության կողմից գործարկվող «Տեղեկատվության ստուգման կենտրոն» պետական տեղեկատվական հարթակը։

«Նախ նշենք, որ Կառավարության՝ մարտի 2-ի որոշմամաբ՝ արգելվել է Իրանի քաղաքացիների մուտքը Հայաստան և ՀՀ քաղաքացիների ելքը դեպի իրան։ Որոշումով չի արգելվել ՀՀ քաղաքացիների վերադարձը Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Հայաստան։

ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի փոխանցմամբ՝

մարտի 1-ից մինչ օրս հայ-իրանական սահմանը հատել է 3 մեքենա։ Առաջինը՝ մարտի 13-ին, երկրորդը՝ այսօր՝ մարտի 14-ին։ Երրորդ մեքենան այժմ սահմանում է, ուղևորներն անցնում են անհրաժեշտ ստուգումները։ Սահմանը հատած բոլոր անձինք ՀՀ քաղաքացիներ են, ինչը հավաստվել է ՀՀ անձնագրի առակայությամբ։ Նրանցից որևէ մեկի մոտ վարակիչ հիվանդությանը բնորոշ որևէ կասկածելի ախտանշան չի արձանագրվել։

Քաղաքացիները սահմանված կարգով Մեղրիի ԱԱՏՄ բժշկասանիտարական հսկիչ կետում անցել են անհրաժեշտ արտաքին զննում, ջերմաչափում, առողջական վիճակի վերաբերյալ հարցում։ Նրանց բնակության (գրանցման) վայրի տվյալներով լրացվել են հասցեական քարտեր, որոնք տրամադրվում են տվյալ վայրի պոլիկլինիկային՝ նշված անձանց առողջական վիճակը հետագա վարման վերցնելու նկատառմամբ»,-նշված է պարզաբանման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել