27 տարին լրացած և պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիներին համաներում չի շնորհվի

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը առաջարկել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին 27 տարին լրացած և պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիների համար համաներում կիրառել։ Կառավարությունը առաջարկը մերժել է։

Մարուքյանը նշում է, որ քաղաքացիները մոտավորապես 3647-ն են։

«Ինչպես շատերդ քաջատեղյակ եք, մեկ ամիս առաջ գրությամբ դիմել էի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով հանդես գալ համաներման մասին օրենք ընդունելու մասին նախաձեռնությամբ՝ համաներումը տարածելով 27 տարին լրացած այն անձանց նկատմամբ, ում մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի (ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը) 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հանցագործությունը։

Մասնավորապես.

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության ժամկետն ավարտվել է 2019թ. դեկտեմբերի 31-ին և չի երկարաձգվել։ Ըստ այդմ՝ այս պահին հետախուզման մեջ են 27 տարին լրացած (ոչ զինապարտ) արական սեռի 3647 քաղաքացի, ում նկատմամբ նշյալ օրենքը չի գործելու և, հետևաբար, նրանք, վերադառնալով հայրենիք, ենթարկվելու են քրեական պատասխանատվության։

Բնականաբար, նրանցից ոչ ոք չի ցանկանա վերադառնալ՝ առնվազն մինչև քրեական օրենսգրքով սահմանված վաղեմության ժամկետի լրանալը։

Այսպիսով, դեմոգրաֆիայի խնդիրը միայն խորանալու է, մինչդեռ այդ քաղաքացիները կարող են վերադառնալ ու դառնալ պահեստազորի զինվոր, կազմել ընտանիք, ունենալ զավակներ, աշխատել այստեղ և ներդրում ունենալ հայրենիքի շենացման գործում։

Հարկ է նաև նշել, որ վերջին համաներման շրջանակը տարածվել է անգամ առանձնապես ծանր որոշ հանցագործությունների վրա, մինչդեռ ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը (327-րդ հոդվածի միայն 1-ին և 2-րդ մասերը) միջին ծանրության հանցագործություն է։

Քիչ առաջ ինձ է փոխանցվել ՀՀ կառավարության պատասխանը` ստացված պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանից, որով մերժվել է նշյալ առաջարկությունը։ Բովանդակությանը կարող եք ծանոթանալ ստորև».

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել