Կկանոնակարգվեն քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային մարմինների գործունեության վերահսկումը

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային մարմինների մասնագիտական գործունեության համակարգման, վերահսկման և այլ գործառույթների իրականացման կարգը սահմանելու մասին նախագիծը:

Առաջարկվում է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի հիման վրա ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում, որով կկանոնակարգվեն քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային մարմինների մասնագիտական գործունեության համակարգումը և վերահսկումը:

Նախատեսվում է հաստատել քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային մարմինների մասնագիտական գործունեության համակարգման, դրանց վերահսկման կարգը:

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային մարմինների մասնագիտական գործունեության համակարգումը կիրականացնի արդարադատության նախարարությունը  այսուհետ՝ լիազոր մարմինը:

Լիազոր մարմինը` կմշակի և կիրականացնի քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական քաղաքականությունը, մեթոդական ղեկավարում կիրականացնի Տարածքային մարմինների գործունեության նկատմամբ, կհաստատի միասնական էլեկտրոնային գրանցամատյանի տեղեկություններից օգտվելու կարգը, կհաստատի քաղաքացիական կացության ակտերի պետական հաշվառման համար օգտագործվող նմուշային փաստաթղթերի ձևերը, կվարի վիճակագրություն և եռամսյակային պարբերականությամբ հրապարակում է տեղեկություններ քաղաքացիական կացության ակտային գրանցումների վերաբերյալ:

Ուսումնասիրության ենթակա Տարածքային մարմնի ղեկավարը պարտավոր կլինի`

1) չխոչընդոտել ուսումնասիրության ընթացքը, կատարել ուսումնասիրություն իրականացնող անձանց օրինական պահանջները.

2) ուսումնասիրություն իրականացնողի պահանջով ներկայացնել պահանջվող փաստաթղթերը, տվյալները:

Ուսումնասիրության արդյունքում կազմված եզրակացությունը կուղարկվի Տարածքային մարմնի ղեկավարին կարգապահական տույժի ենթարկելու իրավասու մարմնին՝ համապատասխան խախտում թույլ տված անձանց պատասխանատվության ենթարկելու համար:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել