Նախարարությունը հերքում է․ նախատեսված գործուղումը չեղարկվել է, ԱՄՆ չի մեկնել թե՛ նախարարը, թե՛ նախարարի քույրը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարազաբանում է․

«Զանգվածային լրատվության միջոցներից մեկն անդրադարձել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի՝ մարտի 8-15-ը ԱՄՆ նախատեսված այցին, և գրել, թե, իբր, «նախարարի քույրը՝ Սյուզաննա Բաթոյանը, պետության հաշվին մեկնել է ԱՄՆ»:

Հրապարակման մեջ տեղ են գտել մի շարք սխալներ, որոնց վերաբերյալ պարզաբանումների կարիք կա:
Նախ, նշենք, որ նախատեսված գործուղումը չեղարկվել է, հետևաբար՝ ԱՄՆ չի մեկնել թե՛ նախարարը, թե՛ նախարարի քույրը:

Բացի այդ, ՀՀ վարչապետի համապատասխան որոշման մեջ հստակ նշված է, որ նախարար Զարուհի Բաթոյանի գործուղման ճանապարհածախսը հոգալու էր հրավիրող կողմը՝ ՄԱԿ-ի գրասենյակը: Նախարարի և նրա անձնական օգնականի համար միևնույն չվերթի համար տոմսերի ամրագրման գործընթացում ՄԱԿ-ի գրասենյակը պատրաստակամություն է հայտնել հոգալու նաև Սյուզաննա Բաթոյանի ճանապարհածախսը, իսկ պետական բյուջեի հաշվին նախատեսված էր միայն գիշերավարձը և օրապահիկը:

Նշենք, որ Զարուհի Բաթոյանը ճամփորդելիս ունի անձնական օգնականի կարիք, հատկապես, եթե խոսքը գործուղումներին է վերաբերում: Նախարարին ուղեկցող անձանց ծախսերը, հիմնականում, հոգացել են միջազգային կազմակերպությունները կամ հրավիրող կողմը, թեև պետությունն ի վիճակի է հոգալ կառավարության անդամների գործուղման ծախսերը և ապահովել անհրաժեշտ պայմաններ։

Ինչ վերաբերում է պնդմանը, թե նախարարի հետ կարող էին գործուղվել նրա օգնականները, որոնք աշխատում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, ապա ակնհայատ է, որ ի պաշտոնե նախարարի օգնական համարվող անձը, ինչպես մյուս նախարարների դեպքում, ունի հստակ պարտավորություններ և չի կարող աջակցել նախարարին իր անձնական հարցերում։

Բացի այդ, լրատվամիջոցի կողմից էթիկական խախտում է նախարարի ընտանեկան լուսանկարի գործածումը՝ հատկապես դրանում ակնհայտ անչափահաս անձի ներկայացվածության պարագայում:

Ի հավելումն տեղեկացնում ենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որն ամրագրում է հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց անձնական օգնականների համակարգի ստեղծումը և զարգացումը. Օրինագծի համաձայն, անձնական օգնականն այնֆիզիկական անձն է, որը տվյալ պահին գտնվում է հաշմանդամություն ունեցող անձի հետ եւ անհատույց կամ դրամական վճարումների դիմաց իրականացնում է հաշմանդամություն ունեցող անձի խնամքը կամ աջակցում (օգնում է) հաշմանդամություն ունեցող անձին՝ հաղթահարելու միջավայրային արգելքները կամ տեղաշարժվելու (այդ թվում՝ փոխադրամիջոցը վարելու միջոցով) կամ հաղորդակցվելու»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել