Հայաստանի բոլոր ավագ դպրոցներն այս տարի կունենան բնագիտական առարկաների լաբորատորիաներ

Երևանի և ՀՀ մարզերի բոլոր ավագ դպրոցներն այս տարի կունենան բնագիտական առարկաների գծով ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներ: Փետրվարի սկզբից մեկնարկել է ավագ դպրոցներին բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատոր սարքավորումների տրամադրման գործընթացը, որը նպատակ ունի ստեղծել ուսումնական միջավայրեր, որտեղ աշակերտը հնարավորություն կունենա բացահայտել իր ներուժը, փորձարկումներ և փոքրիկ հայտնագործություններ անել, ինչպես նաև դնել իր ապագա հաջողության հիմքերը:

Մինչ լաբորատոր սարքավորումների տրամադրման գործընթացի մեկնարկը, նախապես մշակվել է բնագիտական առարկաների գծով գնման ենթակա լաբորատոր սարքավորումների համակազմը, լաբորատորիաների կահավորման մոդելները, իրականացվել են ուսումնասիրություններ, կարիքների գնահատում:

Այս լաբորատորիաներում մեկտեղվում են տեսականն ու գործնականը. փաստում են Սիսիանի դպրոցի ուսուցիչները, որտեղ բնագիտական առարկաների լաբորատորիաներն արդեն իրականություն են և օգտագործվում են ամենօրյա դասապրոցեսում: Նրանց խոսքով՝ արդի ժամանակներում ուսուցումն ավելի արդյունավետ դարձնելու համար պետք է տեսականը զուգորդել գործնականի հետ. հատկապես դժվար է պատկերացնել բնագիտական առարկաների ուսուցումը առանց համապատասխան նյութերի և սարքավորումների:

Լաբորատորիաները ստեղծվում են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավում›› վարկային ծրագրի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում: Ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում այժմ հիմնանորոգման ընթացքում են թվով 8 ավագ դպրոցներ մայրաքաղաքում և մարզերում, որտեղ բնագիտական առարկաների լաբորատորիաների ստեղծման գործընթացը կմեկնարկի հիմնանորոգման ավարտից հետո:

Նշենք, որ ‹‹Կրթության բարելավում›› ծրագրի շրջանակում ՀՀ 48 ավագ դպրոցների հատկացվել են «Աշխարհագրություն» առարկային անհրաժեշտ ուսումնական տպագրական նյութեր (աշխարհագրական ատլաս, ՀՀ ատլաս, Արցախի Հանրապետության ատլաս, աշխարհի ատլաս, աշխարհի ֆիզիկական քարտեզ, աշխարհի քաղաքական քարտեզ, տեղագրական քարտեզներ):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել