ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և մտավախություն ունենալով, որ այն կարող է շարունակվել, որոշել է իրականացնել հեռավար ուսուցում։
Այս մասին տեղեկանում ենք Երևանի պետական համալսարանից։
Մեզ հետ զրույցում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը նշեց, որ ֆակուլտետը, միանշանակ դրական գնահատելով հանրային առողջության պահպանման նպատակով ուսումնական հաստատություններում մարտի 2-8-ն ուսումնական գործընթացը դադարեցնելու ՀՀ ԿԳՄՍՆ նախաձեռնությունը, միաժամանակ կարևորում է նաև, արտահերթ արձակուրդով պայմանավորված, նշված գործընթացի խաթարման հնարավոր խնդիրները լուծելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելը։
«Այդ նպատակով ֆակուլտետը որոշում է կայացրել արտահերթ արձակուրդի ողջ ժամանակահատվածում անցնել հեռավար ուսուցման։ Մասնավորապես, կիրառվելու է ֆակուլտետում արդեն իսկ ներդրված «Moodle» էլեկտրոնային ուսուցման համակարգը»,֊ ասաց Գագիկ Ղազինյանը։
Եթե մինչ այդ ֆակուլտետում «Moodle»֊ը կիրառվում էր միայն ուսանողներին տվյալ թեմայի վերաբերյալ ամբողջական նյութերի տրամադրման համար, ապա այժմ կիրառվելու է նաև դրա՝ հետադարձ կապի հնարավորությունը։
«Այն, ինչ ուսանողը պետք է աներ լսարանում դասախոսությունների, գործնական պարապմունքների ժամանակ և ակտիվ քննարկումների փուլում, այժմ իրականացնելու է հեռավար ձևով։ Թեմայի վերաբերյալ տրամադրվում են նյութեր, ապա տրվում առաջադրանքներ, ինչպես նաև դրանց կատարման վերաբերյալ պարզաբանող տեղեկատվություն։ Սահմանվում է հստակ ժամկետ, որի ընթացքում ուսանողները կատարում են հանձնարարությունները»,֊ ասաց Գագիկ Ղազինյանը։
Նրա փոխանցմամբ, առաջադրանքները կարող են վերաբերել իրավիճակների քննարկմանը, դատավարական կամ այլ փաստաթղթերի կազմմանը, գործ հարուցելու կամ հարուցումը մերժելու որոշմանը և այլն. «Պայմանավորված թեմայի առանձնահատկությամբ՝ հանձնարարությունները կարող են տարբեր լինել։ Ստանալով դրանք՝ դասախոսները ստուգում են, ապա հայտնում իրենց նկատառումներն ու առաջարկությունները»։
Իրավագիտության ֆակուլտետի դեկանի հավաստմամբ, բոլոր այն առարկաների ուսուցումը, որոնք այս ընթացքում պետք է դասավանդվեին ֆակուլտետում, երեկվանից արդեն իրականացվում է հեռավար ձևով. «Եթե նույնիսկ ուսումնական գործընթացի դադարեցումը երկարացվի, մենք պատրաստ ենք համարժեք միջոցներ կիրառել»։
Տեղեկացնենք, որ ուսուցման այս ձևի արդյունավետ իրականացման համար ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և՛ բակալավրիատի, և՛ մագիստրատուրայի ուսանողները ծանուցվել են նշված եղանակով ուսումնական գործընթացը ժամանակավորապես կազմակերպելու մասին։