Կոռուպցիայի դեմ պայքարում պետք է մեկտեղվեն կառավարություն-ՔՀԿ-քաղաքացի համատեղ ջանքերը. Արտյոմ Մեսրոպյան

 

Այսօր՝ փետրվարի 26-ին, խորհրդարանում ընթացող  «ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր» թեմայով լսումների ընթացքում ելույթ ունեցավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի ՔՀԿ-ների զարգացման ծրագրի համակարգող, իրավաբան Արտյոմ Մեսրոպյանը:

«Ուրախ եմ ողջունելու բոլորիդ «Հայաստանի ՔՀԿ հակակոռուպցիոն կոալիցիայի» և կոալիցայի քարտուղարությունը իրականացնող Իրավաբանների հայկական ասոցիացիայի անունից և ներկա գտնվելու այս կարևոր միջոցառմանը: «ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին» նվիրված խորհրդարանական լսումների կազմակերպումը վկայում է այն մասին, որ պետական իշխանությունը հանձնառու է կառուցողական երկխոսություն ծավալելու բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում քաղաքացիական հասարակության կառույցների հետ՝ կյանքի կոչելու համաձայնագրով ստանձնած պարտավորությունները:

Նման երկխոսության ծավալումը բխում է Համաձայնագրի մի շարք հոդվածների դրույթների պահանջներից: Օրինակ՝ 86-րդ հոդվածի համաձայն՝ Կողմերը պետք է խրախուսեն համապատասխան բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և մասնավորապես՝ սոցիալական գործընկերների ներգրավումը Հայաստանի Հանրապետության զարգացման քաղաքականության մշակման և բարեփոխումների գործընթացին և Կողմերի միջև Համաձայնագրով նախատեսված համագործակցությանը։

Իսկ Համաձայնագրի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ այդ երկխոսության և համագործակցության նպատակները պետք է լինեն ընդլայնելու պետական որոշումների կայացման գործընթացին քաղաքացիական հասարակության մասնակցությունը, մասնավորապես՝ մի կողմից պետական հաստատությունների և մյուս կողմից՝ ներկայացուցչական ընկերակցությունների ու քաղաքացիական հասարակության միջև բաց, թափանցիկ և կանոնավոր երկխոսություն հաստատելու միջոցով:

Համաձայնագրի այս կարևոր դրույթների վերընթերցմամբ  ուզում եմ մեկ անգամ ևս ընդգծել, որ քաղաքացիական հասարակության կառույցների ակտիվ ներգրավումը Համաձայնագրի դրույթների կյանքի կոչմանն ուղղակի այլընտրանք չունի և չի էլ կարող ունենալ:

Ինչ վերաբերում է պետական իշխանության մարմինների և քաղաքացիական հասարակության կառույցների միջև կառուցողական երկխոսության և ակտիվ համագործակցության ծավալմանը, ապա վստահորեն պետք է նշեմ, որ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի օրինակը կարող է լավագույններից մեկը  համարվել:

 Հայաստանի ՔՀԿ հակակոռուպցիոն կոալիցիան իր ստեղծման օրվանից /2014 / հանդիսանում է  հակակոռուպցիոն ոլորտի հիմնական դերակատարից մեկը Հայաստանում՝ նախաձեռնելով և մասնակցելով ՀՀ-ում մի շարք հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացմանը, այդ թվում` ապօրինի հարստացման քրեականացմանը,  ազդարարման համակարգի և հակակոռուպցիոն ինտիտուցիոնալ համակարգի, ներառյալ՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենսդրական դաշտի ստեղծմանը, հանրային գնումների գործընթացում իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրմանը, բիզնես և այլ ոլորտներում մի շարք հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացմանը:

Հաշվի առնելով, որ Համաձայնագրով առանձնակի կարևորվել է արդարադատության ոլորտի բարեփոխումները, ուզում եմ նշել, որ 2018-19 թվականներին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան և կոալիցայի քարտուղարությունը իրականացնող Իրավաբանների հայկական ասոցիացիայի ակտիվորեն ներգրավված է եղել մի շարք ռազմավարական փաստաթղթերի մշակման և դրանց հանրային քննարկումների կազմակերպման աշխատանքներին, դրանք են հակակոռուպցիոն 2019-2022թթ ռազմավարությունը, դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը, ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թվականի ռազմավարությունը, մշակել է «Անցումային արդարադատության մեխանիզմների կիրառելիության հնարավորությունը ՀՀ-ում՝ միջագային փորձի լույսի ներքո» զեկույցը: Ոլորտի պետական, միջազգային և տեղական հիմնական դերակատարների հետ կազմակերպել է «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը` միջազգային փորձի ներքո» խորագրով միջազգային համաժողովը: Իրականացվել է  մասնագիտական և իրազեկման միջոցառումներ Երևանում և ՀՀ մարզերում:  Կոալիցիային կողմից ներկայացրել է մոտ 133 առաջարկներ հակակոռումպցիոն ռազմավարության մշակման ընթացքում, որոնց գրեթե 80 տոկոսը ներառվել են ռազմավարությունում և  իրականացման միջոցառումների ծրագրում:

Ավարտելով ելույթս, ուզում եմ ընդգծել, որ կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում  ակնհայտորեն պետք է մեկտեղվեն կառավարություն-քաղաքացիական հասարակություն-քաղաքացի համատեղ ջանքերը՝ ուղղված միասնական նպատակի կենսագործմանը:

Քաղաքացիական հասարակությունը ի դեմս Հայաստանի ՔՀԿ հակակոռուպցիոն կոալիցայի իր անշրջելի ներդրումն է ունեցել հակակոռուպցիոն մեխանիզմների մշակման գործընթացում, պատրաստակամ է կարևոր դերակատար լինելու իրականացման գործընթացում, ինչը չի բացառելու նաև գործընթացի մշտադիտարկման կարևոր հանձնառության ստանձնումը և վստահորեն կիսելու ենք համատեղ գործունեության արգասիքների պատասխանատվությունը՝ անկախ վերջինների դրական կամ բացասական բնույթից: Սա է մասնակցային գործընթացների գրավչությունը»,- իր ելույթում նշեց Արտյոմ Մեսրոպյանը :

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել