Ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննության բաժանմունքում նախապատրաստված նյութերի շրջանակում ձեռնարկված հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել Լուսաձոր համայնքում կատարված ապօրինությունների վերաբերյալ։
Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:
Ըստ քննությանը հայտնի տվյալների՝ համայնքի ղեկավարը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2017-ից 2019 թվականների ընթացքում կազմակերպել է ձևական աճուրդներ և տարբեր մակերեսներով գյուղատնտեսական ու էներգետիկ նշանակության հողատարածքներ է վաճառել տարբեր անձանց, այդ թվում՝ որդուն։
Նյութերի նախապատրաստման ընթացքում բացահայտվել է ձևական աճուրդի 7 դրվագ։ Վաճառված հողատարածքների գումարը ընդհանուր 1 միլիոն 700 հազար դրամից ավելի է։ Դեպքերի առթիվ ոստիկանության Իջևանի բաժնում պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել , որն ուղարկվել է Տավուշի մարզի դատախազություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: