Արցախի Հանրապետության բնակչության շրջանում վերին շնչուղիների սուր վարակի սեզոնային աճի գրանցման և համաճարակաբանական լարված իրավիճակի հետ կապված, բնակչության առողջության պահպանման և վարակի տարածման կանխարգելման նպատակով, առաջարկվել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությանը, որ 2020 թվականի փետրվարի 21-ից փետրվարի 22-ը ներառյալ դադարեցվի հանրապետության տարածքում գործող բոլոր հանրակրթական և նախադպրոցական հիմնարկների գործունեությունը:
Հիվանդությունը առավել վերահսկելի դարձնելու նպատակով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից արձակվել է հրաման, նախարարության ենթակա բուժհիմնարկների ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքները ս.թ. փետրվարի 22-ի՝ ոչ աշխատանքային շաբաթ օրը համարել աշխատանքային օր և աշխատանքները կազմակերպել մինչև ժամը 1500:
Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով՝ Առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում և հորդորում է.
- խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
- եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ գրիպանման երևույթներ ունեցող երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,
- եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
- մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,
- հագնվե´ք եղանակին համահունչ,
- պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
- օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
- հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
- հետևե´ք անձնական հիգիենային։