Ի՞նչ սահմանափակումներ են կիրառվում կանխիկ դրամով վճարումների նկատմամբ

Հարկային օրենսգրքի 386-րդ հոդվածի համաձայն՝ ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործարքների դիմաց Հայաստանի Հանրապետության տարածքում կանխիկ դրամով վճարումների նկատմամբ կիրառվում են հետևյալ սահմանափակումները.

1) ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման յուրաքանչյուր գործարքի դիմաց կանխիկ դրամով գումարի վճարման առավելագույն չափը սահմանվում է 300 հազար դրամ (ներառյալ` ԱԱՀ-ի գումարը), իսկ մեկ ամսվա ընթացքում այդպիսի գործարքների հանրագումարի մասով` 3 միլիոն դրամ (ներառյալ` ԱԱՀ-ի գումարը).

2) ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման յուրաքանչյուր գործարքի դիմաց կանխիկ դրամով գումարի ընդունման առավելագույն չափը սահմանվում է 300 հազար դրամ (ներառյալ` ԱԱՀ-ի գումարը), իսկ մեկ ամսվա ընթացքում այդպիսի գործարքների հանրագումարի մասով` 3 միլիոն դրամ (ներառյալ` ԱԱՀ-ի գումարը), բացառությամբ սույն մասի 3-րդ կետով սահմանված դեպքերի.

3) մանրածախ առևտրում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման յուրաքանչյուր գործարքի դիմաց անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձից կանխիկ դրամով գումարի ընդունման առավելագույն չափը սահմանվում է 3 միլիոն դրամ (ներառյալ` ԱԱՀ-ի գումարը), իսկ եթե մանրածախ առևտրում ապրանքների մատակարարման համար սահմանված կարգով դուրս է գրվում ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվ, ապա այդ գործարքների դիմաց Հայաստանի Հանրապետության տարածքում կանխիկ դրամով գումարի ընդունման առավելագույն չափը չի կիրառվում:

Սահմանված սահմանափակումները`

1) կիրառելի են`

ա. կոմիսիոներին, գործակալին կամ հանձնակատարին հասանելիք գումարների (միջնորդավճարների) վճարման կամ ընդունման դեպքերում,

բ. կոմիտենտի, պրինցիպալի կամ հանձնարարողի` համապատասխանաբար կոմիսիոներից, գործակալից կամ հանձնակատարից գումարների ընդունման դեպքերում:

2) կիրառելի չեն կոմիսիոների, գործակալի կամ հանձնակատարի կողմից համապատասխանաբար կոմիտենտին, պրինցիպալին կամ հանձնարարողին կանխիկ դրամով գումարի վճարման, ինչպես նաև ապրանքների վերջնական գնորդներից, աշխատանքներ ընդունողներից կամ ծառայություններ ստացողներից կանխիկ դրամով գումարի ընդունման դեպքերում:

Սահմանափակումների կիրառության իմաստով`

1) կանխիկ դրամով վճարում է համարվում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման յուրաքանչյուր գործարքի դիմաց կատարվող բոլոր վճարումների (այդ թվում` կանխավճարների, մասնակի վճարումների) հանրագումարը.

2) կանխիկ դրամով վճարում չի համարվում այն վճարումը, որի մասով դուրս է գրվել Օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերության 4-րդ կետով սահմանված` ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող և (կամ) ծառայություն ստացող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի` հարկ վճարողի հաշվառման համարը պարունակող` հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն:

Սահմանափակումները չեն տարածվում ներկայացուցչական ծախսերի դիմաց կատարվող վճարումների, ֆիզիկական անձանց կատարվող` նրանց անձնական կամ պասիվ եկամուտներին վերաբերող վճարումների (մասնավորապես` աշխատավարձի, դրան հավասարեցված վճարումների, նպաստների, կրթաթոշակների, կենսաթոշակների, փոխհատուցման վճարների), գյուղատնտեսական արտադրանք արտադրող` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հետ կնքված գրավոր պայմանագրերի հիման վրա նրանցից գնված գյուղատնտեսական արտադրանքի դիմաց կատարվող վճարումների, ինչպես նաև անմիջականորեն գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից միս ձեռք բերելու դիմաց կատարվող վճարումների վրա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել