Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը կառավարության հավանությանն է ներկայացրել նախագիծ, որով նախատեսվում է 2020 թվականի մայիսի 29-ի աշխատանքային օրը տեղափոխել 2020 թվականի մայիսի 23-ը` շաբաթ օրը:
Մայիսի 28-ը, 29-ը, 30-ը, 31-ը կլինեն ոչ աշխատանքային։
Նշենք, որ մայիսի 28-ին նշվում է Հանրապետության տոնը։
«Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ: ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածից:
ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության կողմից:
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ ու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չի առաջացնում: