2018թ. օգոստոս ամսին Երևան քաղաքի Կիևյան փողոցում գտնվող բանկոմատից կատարվել էր հափշտակություն, ինչի կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի (hափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել էր քրեական գործ, որին հետագայում միացվել են նույն ընկերության Երևան քաղաքի տարբեր փողոցներում գտնվող բանկոմատներից կատարված հափշտակությունների, ինչպես նաև՝ նույն խմբի անդամներից մեկի կողմից մեկ բնակարանից կատարված գողության և մեկ այլ բնակարանից գողության փորձ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը:
Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով կատարված լայնածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից երկուսի ինքնությունը, ովքեր Երևան քաղաքի բնակիչներ են, ընկերներ՝ ծնված 1986 և 1979թթ.:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջիններս, տեղեկանալով, որ համակարգչային տեխնիկայի օգատգործմամբ՝ բանկի համակարգչային համակարգում ներբեռնված վնասաբեր ծրագրի գործարկման միջոցով, հնարավոր է բանկոմատներից ապօրինի գումարներ ելքագրել, գործով դեռևս ինքնությունը չպարզված մի խումբ անձանց հետ նախնական համաձայնության են եկել՝ միասնական դիտավորությամբ բանկից առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակությունը համատեղ իրականցնելու շուրջ, կատարել դերաբաշխում և բանկից հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 34.800.000 ՀՀ դրամ գումար:
Բացի այդ, պարզվել է, որ 1979թ. ծնված տղամարդը ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու շուրջ նախնական համաձայնության է եկել քննությամբ ինքնությունը չպարզված անձի հետ, որից հետո վերջինիս հետ միասին հարմարեցված գործիքի միջոցով բացել են Երևան քաղաքի Նոր Նորք զանգվածի բնակարաններից մեկի մուտքի դռան փականը, ապօրինի մուտք գործել բնակարան և գաղտնի հափշտակել 2 400 000 ՀՀ դրամ գումար, 120 ԱՄՆ դոլար, ինչպես նաև՝ ընդհանուր 700 000 ՀՀ դրամ արժողության ժամացույցներ ու զարդեր՝ պատճառելով առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 3 157 740 ՀՀ դրամի գույքային վնաս:
Այնուհետև՝ տեխնիկական միջոցների գործադրմամբ, կոտրել է Կոմիտասի պողոտայի բնակարաններից մեկի մուտքի դռան փականը, ապօրինի մուտք գործել բնակարան, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել՝ իր կամքից անկախ հանգամանքներով՝ բնակարանում գումարի և թանկարժեք իրերի բացակայության պատճառով:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 1979թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողություն)3-րդ մասի 1-ին և 1.1-րդ կետերով, 34-177-րդ հոդվածի (գողության փորձ)3-րդ մասի 1.1-րդ կետով և 38-181-րդ հոդվածի (hափշտակութան կազմակերպում, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) 3-րդ մասի 1-ին կետով, իսկ վերջինիս՝ 1986թ. ծնված ընկերոջը՝ 181-րդ հոդվածի (hափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) 3-րդ մասի 1-ին կետով:
Երկու մեղադրյալի գործով քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Գործով դեռևս չպարզված անձանց մասով նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: