Արդեն ձևավորվել է 61 իրավաբաններից բաղկացած նախաձեռնող խումբ․ «ՈՉ»-ի խումբ կստեղծվի

Իրավաբան Ռուբեն Մելիքյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է․ «Հարգելի հայրենակիցներ,

Արդեն տեղյակ եք, որ մի խումբ իրավաբաններ նախաձեռնել են ապրիլի 5-ին նշանակված Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «ՈՉ»-ի հանրային պաշտպանությունը:

Մենք արդեն բազմիցս հայտարարել ենք, որ քաղաքական իշխանության նախաձեռնած հանրաքվեն հակասահմանադրական է՝ թե՛ բովանդակային և թե՛ ընթացակարգային առումներով։ Բայց ցավոք, հանրաքվեն, այնուամենայնիվ, նշանակվեց, և այժմ այն «դե ֆակտո» իրողություն է դառնում։

Այսպիսով, առանց այն էլ լրջորեն վիճելի սահմանադրականությունից և իրավաչափությունից զատ՝ օբյեկտիվորեն առաջանում է նաև նշանակված հանրաքվեի արդարացիության խնդիր։

Ինչպես արդեն հայտարարել ենք՝ մեր նախաձեռնության հիմնական նպատակներն են․

1) ՀՀ քաղաքացիներին հնարավորություն տալ հավասարության հիմունքներով հասու լինելու ինչպես «Այո», այնպես էլ «Այո»-ն բացառող մյուս տարբերակները հիմնավորող փաստարկներին։

2) ՀՀ քաղաքացիներին և միջազգային հանրությանը հնարավորություն տալ ունենալու վստահություն, որ քվեարկության արդյունքները եղել են վերահսկելի և բողոքարկելի։

Մենք վստահ ենք, որ մեր նախաձեռնությունը միտված է ի շահ Հայաստանի Հանրապետության: Մենք անելու ենք ամեն բան, որպեսզի հանրությունը խուսափի «ԱՅՈ» և «ՈՉ» կողմերի միջև սուր առճակատումներից: Մենք ջանքեր ենք գործադրելու, որ այս ընթացքում բացառվեն հանրությանը գույների բաժանելու և ատելություն քարոզելու արատավոր երևույթները:

Մենք գիտակցում ենք, որ կարող ենք դառնալ թե՛ իշխանության և թե՛ ընդդիմության քննադատության թիրախ, սակայն մեզ համար առավել կարևոր է պետության շահը, քան արհեստական և ժամանակավոր բնույթ կրող հնարավոր ամենասուր քննադատությունները:

Այսպիսով` հայտարարում ենք, որ արդեն ձևավորվել է 61 իրավաբաններից բաղկացած նախաձեռնող խումբ, և փետրվարի 18-ին ժամը 9:00-ին անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ենք ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով:

ՀԳ. Հատկանշական է, որ մեր նախաձեռնությանը միացել է 61 իրավաբան: Նկատենք, որ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորվում են դատական պաշտպանության և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու հիմնարար իրավունքները:

ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՈՒՄԲ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել