Օրերս ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասում գտնվող «Գլենդել» խանութից գնել է հավի կրծքամիս: Եփելուց հետո սպառողը նկատել էր, որ կրծքամիսը փշրվում է և ունի դոնդողանման սորուն արտադրություն:
Այս մասին տեղեկացնում են սննդի անվտանգության տեսչական մարմնից:
Արագ արձագանելով ահազանգին՝ Գյումրիի երկու՝ «Գլենդել» և «Կինգ», սուպերմարկետներում ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի մասնագետ-տեսուչներն անցկացրել են իրացվող թռչնամսի դիտարկում և հսկիչ գնում:
Երկու վաճառակետերում էլ հայտնաբերվել են թռչնամսի իրացմանը ներկայացվող պահանջների խախտումներ, մասնավորապես՝ բացակայել են իրացվող թռչնամսի համար օրենսդրությամբ անհրաժեշտ ինչպես արտադրանքի ուղեկցող, այնպես էլ որակն ու անվտանգությունը հավաստող փաստաթղթերը: Իրացման կետի պատասխանատուները չեն ներկայացրել իրացվող խմբաքանակի նույնականացման որևէ փաստաթուղթ, հավի կրծքամսի, ազդրամսի ու ամբողջական հավի առկա խմբաքանակները չեն ունեցել հայերեն մակնշում: Առանց հայերեն մակնշման են եղել նաև խանութների պահեստային մասում հայտնաբերված արկղերը:
Բոլոր խմբաքանակները կապարակնքվել են, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրվել են կարգադրագրեր իրացումը կասեցնելու, ոչնչացնելու կամ օգտահանելու վերաբերյալ:
Վերահսկողության ընթացքում վերը նշված սուպերմարկետների սեփականատերերը՝ Ա/Ձ Դավիթ Հակոբյանը «Գլենդել» և Ա/Ձ Արմեն Քրդոյանը («Կինգ») հայտնել են, թռչնամսի մատակարարը Արտակ Սողոմոնյանն է: Վերջինս ներկայացրել իր կողմից մատակարարվող թռչնամսի արկղերի վրայի մակնշման օրինակները (ՌԴ, Ստավրապոլի տարածաշրջան «Птицекомбинат» ՍՊԸ («Գլենդել») և ՌԴ, Տամբովի շրջան, «Токаревская птицефабрика» ՍՊԸ («Կինգ»)) և վստահեցրել, որ խանութներին մատակարարել է հենց այդ ապրանքատեսակը` հավաստիացնելով, որ խանութներում առկա հավի կրծքամիսն ինքը ձեռք է բերել «Սիլիկոն Թրեյդ» ներմուծող ՍՊ ընկերությունից:
Ներկայացված արկղերի վրայի մակնշման ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ որպես սառեցված հավի կրծքամիս իրացման կետերում վաճառվել է «բրոյլեր հավի ֆիլե տապակայի համար» և մակնշվածքում հստակ նշված է, որ արտադրանքը հանդիսանում է մարինացված կիսաֆաբրիկատ: Սակայն այն, խանութում մակնշման բացակայության պատճառով, վաճառվել է որպես սառեցված հավի կրծքամիս:
«Գլենդել» և «Կինգ» իրացման կետերում առկա հավի կրծքամսի խմբաքանակներից վերցվել են նմուշներ՝ լաբորատոր փորձաքննության ներկայցնելու նպատակով: Արդյունքում «Գլենդել» սուպերմարկետում վերցված հավի կրծքամսի նմուշում հայտնաբերվել է Լիստերիա խմբի Listeria monocitogenes մանրէ, իսկ խոնավության զանգվածային փաստացի մասը կազմել է 80%:
Նշված խմբաքանակը ճանաչվել են վտանգավոր և սննդում օգտագործման համար ոչ պիտանի, ուստի դրա իրացումը կասեցվել է, այն հանվել է վաճառքից և ոչնչացվել:
Այժմ Տեսչական մարմնինը պետական վերահսկողության միջոցառումներ է անցկացնում «Սիլիկոն Թրեյդ» ներմուծող ՍՊԸ-ում, մատակարարի մոտ, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները ամբողջ շղթան բացահայտելու ուղղությամբ: