Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 276-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Նախատեսվում է սահմանել, որ անձի կամ նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա բժշկասոցիալական վերափորձաքննություններն կիրականացվեն հատուկ ընթացակարգով՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1 տարի ժամկետով, բացառությամբ առողջական վիճակը վատթարանալու, հեռակա փորձաքննությունների, հաշմանդամության պատճառական կապը փոխելու, մահվան պատճառական կապը, մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը որոշելու, վերականգնողական անհատական ծրագիր մշակելու և փոփոխություններ կատարելու, «հաշմանդամ երեխա» կարգավիճակից հետո 18 տարին լրանալու, 17 տարեկանից հետո հաշմանդամությունը «մինչև 18 տարին լրանալը» ժամկետով և օրենքով տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալուց հետո անժամկետ սահմանելու դեպքերում իրականացվող բժշկասոցիալական վերափորձաքննությունների։
Նշված ժամկետում վերափորձաքննության համար դիմող անձանց փորձաքննությունն իրականացվում է հետևյալ հատուկ ընթացակարգով`
1. վերափորձաքննության համար դիմող անձը կներկայացնի միայն դիմումը, առանց դիմումին կցվող՝ հիվանդության, վնասվածքի, խեղման հետևանքով օրգանիզմի կայուն ֆունկցիաների խանգարումով պայմանավորված առողջության խաթարումը հաստատող բժշկական փաստաթղթերի,
2.բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինները վերափորձաքննությունն կիրականացնեն առանց անձի օբյեկտիվ զննության,
3.որոշմամբ սահմանված ժամկետներում անձին կտրամադրվի բժշկասոցիալական փորձաքննական նոր որոշումը (վարչական ակտը)՝ նախորդ տարվա բժշկասոցիալական փորձաքննական որոշումով, 1 տարի ժամկետով,
4.վարչական վարույթ բժշկասոցիալական փորձաքննության գործում կլրացվեն միայն անձնական տվյալների և եզրափակիչ մասերը,
5.բժշկասոցիալական փորձաքննական որոշման քաղվածքը մեկշաբաթյա ժամկետում կուղարկվի անձի հաշվառման վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում կամ փաստացի բնակության վայրն սպասարկող կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող մարմին:
Անձը կամ նրա ներկայացուցչը հեռակա բժշկասոցիալական փորձաքննության կկարողանա դիմել հաշմանդամության սահմանված ժամկետի ավարտից հետո՝ երեք ամսվա ընթացքում։
Առողջական վիճակի վատթարանալու հիմքով, անձը բժշկասոցիալական վերափորձաքննության համար կկարողանա դիմել անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական (այդ թվում վիրահատական) և վերականգնողական միջոցառումների իրականացումից հետո, իսկ տևական բուժում պահանջող հիվանդությունների ժամանակ` նաև բուժման ընթացքում, սակայն ոչ վաղ, քան բուժման սկզբից 3 ամիս հետո։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է վերափորձաքննություններն իրականացնել հատուկ ընթացակարգով, զուգահեռաբար աշխատանքներ տանելով մասնագետների ընտրության նոր համակարգ ձևավորելու ուղղությամբ, որը կապահովի կոռուպցիոն ռիսկերի նվազումն ու բացառումը, կհստակեցվի բժշկասոցիալական փորձաքննության գործընթացը, կնվազի հայեցողկական որոշումների կայացումը: