Ազգային ժողովում քննարկվում է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքը։
3 խմբակցությունների ներկայացուցիչները նշեցին, որ օրենքը թերի է և լրամշակման կարիք ունի։ Պատգամավորները որոշեցին կողմ քվեարկել, իսկ հետո աշխատանքային խումբ ստեղծել՝ թերությունները վերացնելու համար։
ԱԺ-ն 76 կողմ, 17 դեմ, 8 ձեռնպահ ձայներով ընդունեց հանրային փակ տարածքներում ծխելը արգելող օրինագիծը։ Այն կգնա նախագահի ստորագրմանը։
Հիշեցնենք, որ օրենքը կարգելի ծխախոտային արտադրատեսակները կամ դրանց պատկանելիքները կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչները կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակները վաճառել կամ որեւէ այլ եղանակով իրացնել 18 տարին չլրացած անձանց: Եթե վաճառողի կամ որեւէ այլ եղանակով իրացնողի կողմից կասկածներ են առաջացել գնորդի կամ որեւէ այլ եղանակով ձեռքբերողի տարիքի վերաբերյալ, ապա նա իրավունք ունի պահանջելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված անձը հաստատող փաստաթուղթ եւ դրա չներկայացման դեպքում չվաճառել կամ որեւէ այլ եղանակով չիրացնել դրանք:
Օրենքով՝ արգելվում է 18 տարին չլրացած անձանց կողմից ծխախոտային արտադրատեսակները կամ դրանց պատկանելիքները կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակներ վաճառելը կամ որեւէ այլ եղանակով իրացնելը:
Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների, բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչների, կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքը կամ որեւէ այլ եղանակով իրացումն ինքնասպասարկմամբ (ինքնուրույնաբար ընտրելու եւ մինչեւ վճարման համար նախատեսված վայր հասցնելու եղանակով):
Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների, բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչների, կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքը կամ որեւէ այլ եղանակով իրացումն ավտոմատների կամ մեխանիկական սարքավորումների միջոցներով:
Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակներ փոխարինիչների, բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների, կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների, մանրածախ վաճառքը կամ որեւէ այլ եղանակով մանրածախ իրացումն իրականացնելիս որեւէ զեղչի կիրառումը:
Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների, բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների՝
1) վաճառքն՝ առանց օրենքով նախատեսված թույլտվության,
2) հրապարակային ցուցադրումը վաճառասրահներում: Դրանց ցանկը՝ գների մասին նշումով վաճառողի կողմից տրամադրվում է չափահաս անձին` վերջինիս պահանջով: Ցանկը վաճառասրահում չի փակցվում: Այս դրույթը ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից։
Արգելվում է՝
1) ծխախոտային արտադրատեսակի մանրածախ վաճառքը կամ որեւէ այլ եղանակով իրացումը բաց տուփով կամ տուփում արտադրողի կողմից հավաստված արտադրանքի թվից ավելի կամ պակաս լինելու դեպքում,
2) սիգարետի հատով վաճառքը կամ որեւէ այլ եղանակով հատով իրացումը,
3) ամբողջություն կազմող փաթեթում ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչի վաճառքը կամ որեւէ այլ եղանակով իրացումը սննդամթերքի կամ ոչ պարենային ապրանքների հետ,
Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքը կամ որեւէ այլ եղանակով իրացումը՝
1) բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների, առողջարանային կազմակերպությունների շենքների ներսում եւ դրանց շենքների մուտքերից ուղիղ գծով ոչ պակաս, քան 10 մետր հեռավորության վրա` բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների.
2) նախադպրոցական, հանրակրթական, նախնական արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական, բարձրագույն եւ հետբուհական ուսումնական հաստատություններում եւ դրանց շենքերի մուտքերից ուղիղ գծով ոչ պակաս, քան 10 մետր հեռավորության վրա.
3) մանկապատանեկան մարզական կազմակերպությունների շենքներում եւ դրանց շենքերի մուտքերից ուղիղ գծով ոչ պակաս, քան 10 մետր հեռավորության վրա.
4) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների ներսում.
5) թատերահամերգային, թանգարանային, գրադարանային կենտրոնների, կինոթատրոնների ներսում,
6) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին հատկացված (նրանց կողմից զբաղեցված) տարածքների ներսում.
7) մարզական դահլիճների, համալիրների եւ մարզադաշտերի տարածքներում.
8) պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, բացառությամբ այն պատմության եւ մշակութային անշարժ հուշարձանների, որոնք համարվում են բնակելի տներ.
9) օդանավակայաններում (բացառությամբ անմաքս առեւտրի խանութների):
Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների, բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների, օգտագործումն արգելվում է`
1) հետեւյալ փակ, կիսափակ եւ բաց հանրային տարածքներում (ուժի մեջ են մտնում 2024 թվականի մայիսի 1-ից).`
ա. բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների շենքներում եւ դրանց շենքերի մուտքերից ուղիղ գծով 5 մետր հեռավորության վրա.
բ. նախադպրոցական, հանրակրթական ուսումնական հաստատությունների, նախնական արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական, բարձրագույն եւ հետբուհական ուսումնական հաստատություններում եւ դրանց շենքների մուտքերից ուղիղ գծով 5 մետր հեռավորության վրա.
գ. մանկապատանեկան մարզական կազմակերպությունների շենքներում եւ դրանց շենքների մուտքերից ուղիղ գծով 5 մետր հեռավորության վրա.
դ. համայնքի կողմից երեխաների համար նախատեսված խաղահրապարակների եւ խաղային պուրակների տարածքներում.
ե. պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, բացառությամբ այն պատմության եւ մշակութային անշարժ հուշարձանների, որոնք համարվում են բնակելի տներ.
զ. պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների շենքներում.
է. այն վայրերում, որտեղ ծխելն արգելված է՝ համաձայն հրդեհային անվտանգության կանոնների.
ը. հանրային սննդի օբյեկտներում (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ եւ խոհարարական արտադրանքի պատրաստման եւ իրացման այլ օբյեկտներ).(ուժի մեջ է մտնում 2022 թվականի մարտի 15-ից)
թ. hյուրանոցային տնտեսության օբյեկտներում (առողջարանները, հանգստյան եւ մասնագիտացված ճամբարները կամ տները, պանսիոնները, զբոսաշրջային, մանկապատանեկան եւ ճամբարային բնակատեղիները (համալիրները), զբոսաշրջային տները).
2) այլ աշխատանքային փակ կամ կիսափակ տարածքներում՝ անկախ սեփականության ձեւից. (ուժի մեջ են մտնում 2020 թվականի մայիսի 1-ից)
3) առեւտրի կենտրոններում.(ուժի մեջ են մտնում 2020 թվականի մայիսի 1-ից)
4) ցանկացած փակ կամ կիսափակ հանրային այլ տարածքներում, ներառյալ ընդհանուր օգտագործման տարածքները, բացառությամբ(ուժի մեջ են մտնում 2020 թվականի մայիսի 1-ից)`
ա. օդանավակայանների, որտեղ թույլատրվում է ունենալ օգտագործման համար առանձնացված հատուկ տարածքներ, որոնց ներկայացվող տեխնիկական պահանջները սահմանում է առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը.
բ. հիվանդանոցային ձեւով հոգեբուժական օգնություն եւ սպասարկում իրականացնողների, որտեղ թույլատրվում է ունենալ օգտագործման համար առանձնացված հատուկ տարածքներ, որոնց ներկայացվող պահանջները սահմանում է առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը.
5) զորամասերում եւ զինվորական հաստատություններում, բացառությամբ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված օգտագործման համար առանձնացված հատուկ տարածքների (ուժի մեջ են մտնում 2020 թվականի մայիսի 1-ից).
6) տրանսպորտում՝
ա.հասարակական` ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում, թեթեւ մարդատար-տաքսի ավտոմոբիլներում, օդային, վերգետնյա էլեկտրական տրանսպորտում, մետրոպոլիտենում, բացառությամբ ջրային եւ երկաթուղային տրանսպորտի, որտեղ թույլատրվում է ունենալ օգտագործման համար առանձնացված հատուկ տարածքներ, որոնց ներկայացվող պահանջները սահմանում է առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը.
բ. վարորդի կողմից մասնավոր ավտոմոբիլային տրանսպորտային միջոցում՝ ընթացքի ժամանակ:
7) հասարակական տրանսպորտի կանգառների ծածկերի տակ:
2. Ձերբակալվածների, կալանավորվածների, դատապարտյալների պահման վայրերում ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման եւ ծխախոտի ծխի բացասական ազդեցության նվազեցմանն եւ կանխարգելմանն ուղղված միջոցառումները իրականացվում են՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության եւ առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինների սահմանված կարգին համապատասխան:
3. Զորամասերում եւ զինվորական հաստատություններում ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինչների օգտագործման եւ ծխախոտային ծխի բացասական ազդեցության նվազեցմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումներն իրականացվում են` Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի սահմանած կարգով:
4. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասում նշված հաստատություններում, մարմիններում, վայրերում եւ տարածքներում տեսանելի հատվածներում տվյալ հաստատության, մարմնի ղեկավարի կողմից պետք է տեղադրված լինեն ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչի օգտագործման արգելքի եւ սահմանափակումների մասին տեղեկատվություն պարունակող ցուցանակներ, որոնց ներկայացվող պահանջները սահմանում է առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը:
Ծխախոտային արտադրատեսակների, դրանց պատկանելիքների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչների), ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ներառյալ դրանց օգտագործման գովազդի, իրացման (վաճառքի) խթանման եւ հովանավորության բոլոր ձեւերը արգելվում են:
Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կա դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների նմուշների անվճար իրացումը:
Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների իրացման (վաճառքի) համար նախատեսված տարածքներում՝ դրանց (այդ թվում դրանց դատարկ կամ մեծացրած չափսերով տուփերի, բոքսերի, բլոկների, ապրանքային նշանը իմիտացնող գունային պաստառների) կամ դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրումը (ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից):
Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների նմանակների իրացման (վաճառքի) խթանումը հետեւյալ ձեւերով՝
1) այլ ապրանքների կամ աշխատանքների կամ ծառայությունների գովազդում խոսքի կամ ձայնի կամ պատկերի միջոցով ներկայացնել ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների օգտագործումը.
2) այլ ապրանքների կամ աշխատանքների կամ ծառայությունների գովազդում ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների հիշատակումը կամ դրանց ներառումը.
3) ծխախոտային արտադրատեսակի նմանակ հանդիսացող սննդամթերքի կամ խաղալիքների արտադրությունը կամ ներմուծումը կամ իրացումը.
4) Հայաստանի Հանրապետությունում արտադրված երեխաների համար նախատեսված տեսաձայնային ստեղծագործություններում (հեռուստատեսային ֆիլմեր, տեսաֆիլմեր, թատերական ներկայացումներ, հեռուստատեսության, ռադիո կամ ինտերնետի միջոցով հեռարձակվող) ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ դրանց օգտագործման պատկերումը:
Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինչների հովանավորությունը:
Ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ դրանց օգտագործման պատկերումը թույլատրվում է բացառապես ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման վնասակարության վերաբերյալ սոցիալական գովազդներում կամ ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների եւ դրանց օգտագործման դեմ պայքարին ուղղված տեղեկատվական միջոցառումների շրջանակում:
Ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների տեսա կամ ձայնային պատկերումը տեսաձայնային ստեղծագործություններում (հեռուստատեսային ֆիլմեր, տեսաֆիլմեր, հեռուստատեսության, ռադիո կամ ինտերնետի միջոցով հեռարձակվող) թույլատրվում է բացառապես հեռարձակողի կողմից նման ստեղծագործության հեռարձակման սկզբից կամ ընթացքում ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման վնասակարության վերաբերյալ տեղեկատվության հաղորդմամբ (ձայնային կամ պատկերի միջոցով):
բ. 8-րդ մասի 1-3 կետերով նախատեսված շենքների մուտքերից ուղիղ գծով սահմանված հեռավորության վրա իրացման արգելքը սահմանող նորմերի, 5-րդ, 6-րդ, 8-րդ կետերի, որոնք ուժի մեջ են սույն օրենքի պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո,
3) 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝
ա. «ը» ենթակետով սահմանված փակ տարածքներում ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումն արգելող նորմերի, որն ուժի մեջ է մտնում 2022 թվականի մարտի 15-ից,
բ. «ը» ենթակետով սահմանված կիսափակ տարածքներում ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումն արգելող նորմերի, որոնք ուժի մեջ են մտնում 2024 թվականի մայիսի 1-ից.
գ. 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «թ» ենթակետի, 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 5-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2020 թվականի մայիսի 1-ից.
4) 7-րդ հոդվածի 3-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 24-ի ՀՕ-72 օրենքը:
3. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ մասերով, 4-րդ հոդվածի 2-րդ մասով, 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի ա., բ. ենթակետերով, 6-րդ կետի ա. ենթակետով, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերով, 8-րդ հոդվածի 1-ին մասով, 9-րդ հոդվածի 2-րդ մասով, 10-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ենթաօրենսդրական իրավական ակտերը ընդունվում են օրենքը ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթաօրենսդրական ակտերի, որոնք ընդունվում են օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեքամսյա ժամկետում: