Նախատեսվում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն․ ոստիկանության բարեփոխումների ռազմավարություն և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագիր

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարություն և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագիրը։

Ծրագրով նախատեսվում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն։ Հեղինակները նշել են, որ անհրաժեշտ է ստեղծել  ժողովրդավարական խորհրդարանական պետությանը բնորոշ կառուցվածք՝ քաղաքականության մշակման և իրականացման դասական գործառույթներով, այլ կերպ ասած ՝ ներքին գործերի նախարարություն, որն իր տանիքի տակ կմիավորի ոստիկանությանը բնորոշ և ոչ այնքան բնորոշ ֆունկցիաների իրականացումը և կարևորապես՝ իր համակարգման ոլորտի քաղաքականության մշակումն, իրականացումն ու դրա պատասխանատվությունը։ Նախարարության ձևավորումը թույլ կտա ապահովել ոլորտի թե խորհրդարանական, և թե քաղաքացիական վերահսկողությանը։ Այս փոփոխությունը կենթադրի օրենսդրական բազայի, ինչպես նաև որոշ ներքին կառուցվածքային փոփոխություններ։

«Նախկինում գործելով որպես Ներքին գործերի նախարարություն, ինչպես նաև ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն՝ ՀՀ ոստիկանությունը 2002 թվականից ձևավորվեց այն կառուցվածքով, ինչպիսին առանձին փոփոխություններով պահպանվել է մինչև այսօր։ 2002 թվականից նախարարությունը վերակազմակերպվեց ծառայության պահպանելով նույն կառուցվածքը, ավելին, Հանրապետության նախագահի հրամանագրում նշվում էր, որ այս լուծումն ունի ժամանակավոր բնույթ։ Ըստ էության, նախարարության դասական կառուցվածքով մասնագիտական ծառայությունը չի կարող մեղմ ասած, ապահովել արդյունավետ գործունեություն, ավելին, փաստացիորեն մասնագիտական ծառայությունը ծանրաբեռնված է ոստիկանությանը ոչ բնորոշ գործառույթներով։

Մյուս կողմից, նախարարության կառուցվածքը պահպանած մասնագիտական ծառայությունը, տեխնիկապես և ինստիտուցիոնալ առումով օբյեկտիվորեն չէր կարող ընկալել իր առջև դրված խնդիրների լուծման փիլիսոփայության փոփոխումը, ուստի և, չէր կարող բավարարել հանրության կողմից նախարարության և ծառայության սիմբիոզից ակնկալվող խառը սպասումները։ Այլ կերպ ասած, ոստիկանության ծառայության համար առկա է ներքին և արտաքին սպասումների և ընկալումների անհամապատասխանություն։

Այդուհանդերձ, մեկ կարևոր հանգամանք պետք է հստակ լինի, ներքին գործերի նախարարության վերականգնումը չի կարող և չպետք է ասոցացվի կառավարության կառուցվածքում ուժերի կուտակման ոչ ժողովրդավարական և անվերահսկելի մի բևեռի ստեղծման գաղափարի կամ դառը փորձի հետ։ Այս համեմատությունը տեղին չէ միայն թեկուզ այն հիմնավորմամբ, որ նախկին ներքին գործերի և ստեղծվելիք նոր նախարարության առջև դրված թե քաղաքական և թե քաղաքականության խնդիրները լիովին տարբեր են։ Այդ տարբերության օգտին են վկայում կառավարման ձևի փոփոխությունը և քաղաքացիական գիտակցության ավելի զարգացած մակարդակը, ուստի և, ժողովրդավարական պետությանը բնորոշ քաղաքացիական և խորհրդարանական վերահսկողության գործուն մեխանիզմների առկայությունը։ Մյուս ծանրակշիռ փաստարկը գաղափարախոսական այն փոփոխությունն է, որը նոր Հայաստանի նոր ոստիկանության համար նախատեսված է այս ռազմավարությամբ, սակայն այդ համակարգային ու մտածողության փոփոխությունը բերելը դժվար կլինի առանց համակարգային և կառուցվածքային փոփոխությունների»,-նշված է հիմնավորման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել