Երևանի ավագանին, այսօր՝ փետրվարի 11-ին հասատատեց «Իմ Քայլը» խմբակցություն անդամ Արմեն Սարգսյանի ներկայացրած Երևան քաղաքում Գոհար Գասպարյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին նախագիծը:
Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Լեոնիդ Ազգալդյան փողոցից մինչև Կասկադ համալիր ձգվող ճանապարհահատվածը (Վերին Անտառային 19Ա հասցեից մինչև Վերին Անտառային 122 հասցե) անվանակոչել հայ օպերային արվեստի մեծագույն վարպետ, ՀՀ ժողովրդական արտիստ Գոհար Գասպարյանի անվամբ՝ «Գոհար Գասպարյան փողոց»։
Գոհար Գասպարյանը ծնվել է 1924թ.-ի դեկտեմբերի 14-ին, Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում: Երաժշտական կրթությունն ստացել է Կահիրեի Երաժշտական ակադեմիայում, ապա սովորել է Է.Ֆելդմանի և Վ.Կարրոյի մոտ: 1940-ից ելույթներ է ունեցել Կահիրեում: 1948թ. տեղափոխվել է Հայաստան: 1949թ.-ից եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի: 1964թ.-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:
Եղել է կոլորատուրային սոպրանո, ունեցել է ձայնային լայն դիապազոն (փոքր օկտավայի սոլ հնչյունից մինչև երրորդ օկտավայի լյան), անբասիր տեխնիկա, նրա ձայնը առանձնացել է ճկունությամբ, երանգների ճոխությամբ, անցումների թեթևությամբ:
Հանդես է եկել հետևյալ օպերաներում՝ Լ.Դելիբի «Լակմե» (Լակմե 1949թ.), Ա.Տիգրանյանի «Անուշ» (Անուշ, 1950թ., 1969թ.), «Դավիթ Բեկ» (Շուշան, 1953թ.), Հ.Ստեփանյանի «Հերոսուհի» (Գոհար, 1950թ.), Ռոսինիի «Սևիլյան սափրիչ» (Ռոզինա, 1953թ.), Տ.Չուխաճյանի «Լեբլեբիջի» (Կարինե, 1951թ.), «Արշակ Երկրորդ» (Օլիմպիա, 1966թ.), Գունոյի «Ֆաուստ» (Մարգարիտ, 1958թ.), Դոնիցետտիի «Լյուչիա դի Լամերմուր» (Լյուչիա, 1964թ.), Ն.Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն» (Մարֆա, 1967թ.) և այլն:
Մասնակցել է նաև մի շարք հայկական ֆիլմերի ստեղծմանը, երգել է «Հայկական կինոհամերգ» (1954թ.), «Երգում է Գոհար Գասպարյանը» (1963թ.), «Կարինե» (1967թ.), «Անուշ» (1983թ.), «Արշակ Երկրորդ» (1988թ.) և այլ ֆիլմերում: Համերգներով հանդես է եկել ԽՍՀՄ քաղաքներում, Իրանում (1962թ.), Ճապոնիայում (1958թ., 1964թ.), Եգիպտոսում (1963թ., 1973թ.), Հարավային Ամերիկայի երկրներում (1966թ., 1969թ.), ԱՄՆ-ում (1967-69թթ), Անգլիայում (1971թ.) և այլուր:
Ընտրվել է Հայաստանի Գերագույն Խորհրդի 5-րդ, ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի 7-րդ և 8-րդ գումարումների պատգամավոր: Նրա բազմաթիվ աշակերտներ դարձել են համաշխարհային լավագույն բեմերի մեներգիչներ:
1953թ. արժանացել է Հայաստանի, 1956թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի, 1984թ.` Սոցիալիստական աշխատանքի հերոսի և Երևանի պատվավոր քաղաքացու կոչման, 1996թ.՝ ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի:
Մահացել է Երևանում, թաղված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:
Երևան քաղաքում Գոհար Գասպարյանի անվամբ փողոց անվանակոչելու առաջարկով են հանդես եկել նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շ.Շահինյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Ա.Սաթյանը, ՀՀ ազգային հերոս, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանը, մշակութային մի շարք գործիչներ և ժողովրդական արտիստներ, ինչպես նաև Գոհար Գասպարյանի դուստրը՝ Սեդա Գասպարյանը: