Ադրբեջանը շինծու և անհիմն մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի և Արցախի հասցեին՝ դրանք ամբողջովին հերքվում են: Այդ մասին հայտարարել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Մյունխենի Միջուկային անվտանգության հարցերով միջազգային համաժողովում՝ արձագանքելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի ելույթին:
Մամեդյարովը համաժողովում հայտարարել է, թե Ադրբեջանը «իր տարածքի 20 տոկոսի օկուպացիայի» պատճառով չի կարողանում վերահսկել տարածքը և դա բարենպաստ պայմաններ է ստեղծում անօրինական գործունեության, այդ թվում՝ միջուկային ահաբեկչության համար:
Մնացականյանի խոսքով՝ Արցախի տարածքն ամբողջովին ԱՀ իշխանությունների լիարժեք և օրինական վերահսկողության ներքո է, և ոչինչ հակառակը չի մատնանշում: Արցախի ղեկավարությունը մշտապես բաց է միջազգային գործակցության համար, և ադրբեջանական մեղադրանքները կարող են հեշտությամբ ստուգվել և առ ոչինչ ապացուցվել:
«Ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի վճռական հանձնառությունը միջուկային զինաթափման, միջուկային զենքի չտարածման և միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման մեր համատեղ նպատակներին և հաջողություն մաղթել համաժողովին»,- ասել է ՀՀ արտգործ նախարարը:
Ըստ Մնացականյանի՝ Հայաստանի կառավարությունը շարունակաբար գործակցում է իր միջազգային գործընկերների հետ երկկողմ և բազմակողմ մակարդակներում՝ միջուկային մաքսանենգության դեմ պայքարում իր ազգային կարողություններն առավել ամրապնդելու ուղղությամբ: Միջուկային անվտանգության միջազգային երկրորդ համաժողովը 2016-ին էր: