ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ մնալով քաղաքացիների իրավունքները ներքին և արտաքին սպառնալիքներից պաշտպանելու գործառութային սկզբունքին, հանցավորության դեմ պայքարի ոլորտում օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ֆինանսական բուրգի մասնաճյուղ ստեղծելու, ղեկավարելու և դրանում առանձնապես խոշոր չափերով գումարներ ներգրավելու դեպք։
Ստացված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ մի խումբ քաղաքացիներ, նպատակադրվելով ՀՀ տարածքում ընդլայնել արտերկրում գրանցված, ֆինանսական բուրգին բնորոշ հատկանիշներով համացանցային կայքի միջոցով տուրիստական ծառայություններ մատուցող կազմակերպության գործունեությունը, 2018 թ. նոյեմբերից տարաբնույթ խոսակցությունների և դասընթացների ընթացքում գովազդել են կազմակերպության ծառայությունների դիմաց վճարում կատարելու դեպքում եկամուտ ստանալու հնարավորությունը: Արդյունքում՝ հիշյալ անձինք ՀՀ բազմաթիվ քաղաքացիների համոզել են ներգրավել կազմակերպության «բիզնես-ծրագրին» և փաստացի նախնական համաձայնությամբ ստեղծել ու ղեկավարել են ֆինանսական բուրգի մասնաճյուղ՝ դրա մեջ ներգրավելով առանձնապես խոշոր չափերի գումար, ընդ որում անդամակցած անձանց նյութական օգուտը պայմանավորվել է բացառապես նոր ներդրողների ներգրավումից ստացված գումարների հաշվին։
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում հանցավոր սխեմայի մեջ ներգրավված բոլոր անձանց պարզելու, արարքներին համարժեք քրեաիրավական գնահատական տալու և պատճառված վնասը հստակեցնելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Ֆինանսական բուրգը, ինչպես անունն է հուշում, ունի հիերարխիկ կառուցվածք, որը նախաձեռնվում է որոշակի անձանց կողմից, ովքեր որոշակի եկամտի ստացման ակնկալիքով անդամագրում են հնարավորինս մեծ թվով ներդրողների: Ֆինանսական բուրգերի առանձնահատկությունը այն է, որ սկզբնական շրջանում ներդրողների համար ամեն ինչ ընթանում է ըստ նախատեսվածի և խոստացվածի, այսինքն` անդամագրվածներն այս փուլում հաջողությամբ ստանում են եկամուտներ, շահագրգռվելով ներգրավվել նոր անդամներ և ծառայելով որպես բուրգի համար կենդանի գովազդ:
Այնուհետև ֆինանսական բուրգը ձնագնդիի էֆեկտով տարածվելով ու աճելով հասնում է մի փուլի, երբ գործնականում անհնար է ներգրավվել նոր անդամներ, իսկ այդ ներգրավված անդամներն ու կատարված անդամավճարները պատկառելի թիվ են կազմում: Արդյունքում, օգտվելով զոհերի թե՛ դյուրահավատությունից, թե՛ կարճ ժամանակահատվածում մեծ գումարներ վաստակելու հեռանկարի գրավչությունից, բուրգի ամենավերևում կանգնածները ստանում են գերշահույթներ, իսկ ներքևի օղակները չեն հասցնում անգամ հետ բերել իրենց ներդրված գումարը, բուրգի անխուսափելի փլուզման պատճառով:
Դրսևորումները բազմաթիվ են` ապրանքների վաճառքի տեսքով, արժեթղթերի տեսքով, դեպոզիտների տեսքով: Տարբեր տեսակի մեխանիզմներ կան, և սա բավականին ստեղծագործ դաշտ է: Ֆինանսական բուրգերի գործունեությունը կարող է ունենալ մի շարք բացասական հետևանքներ: Հիմնականում երկու ուղղությամբ: