Հաշվի առնելով Երևանի դպրոցներում մեծ թվով բացակայությունունների մասին՝ տարածվող լուրերը, հարկ ենք համարում տեղեկացնել, որ այսօրվա դրությամբ Երևանի դպրոցներում գրանցված բացակայությունների տոկոսը միջինի սահմաններում է 15,9%: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը։
«Բացակայությունների թիվը որոշակիորեն մեծ է միայն Կենտրոն վարչական շրջանում, ինչը, թերեւս, պայմանավորված է գրիպի վարակի տարածման մասին ուռճացված տեղեկատվության հետ, որը ծնողների շրջանում մտահոգություն է առաջացրել:
Ընդհանուր իրավիճակը վերահսկելի է, ուսումնական գործընթացը կազմակերպվում է բնականոն հունով»,-նշել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել տեղեկացնելով, որ Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոց 1378 աշակերտից բացակ է 727-ը, իսկ Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոց 1866 աշակերտից բացակա է 1421-ը:
Իրավաբան.net-ը զրուցեց դպրոցների տնօրենների հետ, պարզելու համար բացակայությունների պատճառները:
Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնակատար Արմինե Գրիգորյանը նշեց, որ 727 աշակերտներից 132 բացակայում են հիվանդ լինելու պատճառով, իսկ 8-ին առավոտյան իրենք են տուն ուղարկել. «Մնացած բացակաների ծնողները երեխաներին դպրոց չեն բերել, քանի որ վախեցել են, որ երեխաները կհիվանդանան»:
Իսկ Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանը նշեց. «Առավոտյան ենք հավաքագրել և 1421 բացակա ունենք: Այս պահին դեռ ճշտվում են բացակայությունների պատճաները»: