Ի՞նչ կարող էր անել գործող իշխանությունը, երբ իր ճանապարհին մշտապես հանդիպում է ՍԴ-ին․ 2 ճանապարհ կա․ Արա Զոհրաբյան

Փաստաբանների պալատը ավելի վաղ հայտարարություն էր տարածել և հայտնել, որ ԱԺ մի շարք պատգամավորների կողմից Սահմանադրության փոփոխությունների նախա­ձեռնումը, որով նախատեսվում է օրենսդիր իշխանության կողմից դատական (սահմանադրա­կան արդարադատություն իրականացնող) իշխանության ներկայացուցիչների լիազորություն­ների դադարեցումը ոչ այլ ինչ է, քան Սահմանադրության 4-րդ հոդվածի խախտման փորձ:

Երեկ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց հրամանագիրը և հանրաքվեի օր նշանակեց։

Այս առիթով ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հանրաքվեն արդեն նշանակված է:

Հանրաքվեի նշանակմանը նախորդող գործընթացը խնդրահարույց է, մասնավորապես՝ Սահմանադրության փոփոխությունները մինչև ընդունումը պետք է ներկայացվեին Սահմանադրականին դատարանին՝ դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը որոշելու համար (Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետ, 169-րդ հոդվածի 2-րդ մաս, ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի 4-րդ մաս, 86-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետ, 5-6-րդ մասեր): Անկախ առաջին և երկրորդ ընթերցումների հետ կապված՝ Ազգային ժողովի կանոնակարգի նորմերի մեկնաբանություններից, Սահմանադրությունն ուղղակիորեն պահանջում է մինչև Սահմանադրության փոփոխության նախագծի ընդունումը ստանալ ՍԴ-ի որոշումը:

Ի՞նչ կարող էր անել գործող իշխանությունը, երբ իր ճանապարհին մշտապես հանդիպում է Սահմանադրական դատարանին:

Այստեղ առնվազն 2 ճանապարհ կա: Ոչ իրավաչափ և խնդրահարույց լուծումներով շրջանցել ՍԴ-ն, կամ շրջանցել իրավաչափ (կամ նվազ խնդրահարույց) ճանապարհով:

Երբ իշխանությունն ընտրում է առաջին տարբերակը, իսկ իրավաբանական հանրույթն ահազանգում է, ապա դա փորձում է ներկայացվել, որպես հակահեղափոխական և նախկին իշխանություններին հովանավորելու վարքագիծ: Մինչդեռ վստահ եմ, որ իրավաբանական հանրույթի մեծամասնությունն ավելի լավ երկիր ունենալու նպատակով է առաջնորդվում:

Ո՞րն էր երկրորդ ճանապարհը, և ինչու՞ Նիկոլ Փաշինյանի խորհրդատուները ցույց չեն տվել այդ ճանապարհը կամ մեկ ուրիշ ավելի լավ ճանապարհ:

Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետի, 169-րդ հոդվածի 2-րդ մասի և 202-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից կարելի է եզրակացություն անել, որ Սահմանադրություն (ոչ թե փոփոխություններ, այլ՝ ՆՈՐ Սահմանադրություն) ընդունելու դեպքում, Սահմանադրության նախագիծը Սահմանադրական դատարանին ներկայացնելու պարտականություն սահմանված չէ: Այսինքն, Ազգային ժողովը կարող էր Սահմանադրության նախագիծը ներկայացնել հանրաքվեի, առանց ՍԴ-ին դիմելու:

Շուտով կլրանա իշխանափոխության 2-րդ տարին: Ինչու՞ ի սկզբանե այս ճանապարհը չի ընտրվել, քանի որ հանրաքվեի միջոցով ժողովուրդը կսահմաներ իր նոր կանոնները և այսօր չէինք ունենա այս անորոշ և վիճահարույց իրավիճակը:

Ու՞մ է ձեռնտու սխալ հիմքեր դնել հանրաքվեի նշանակման գործընթացի տակ, որն ապագայում կարող է վիճարկվել հաջորդ իշխանության կողմից, դրանից բխող իրավական հետևանքներով»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել