2020 թվականի փետրվարի 6-ին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի կողմից դատարանում կազմակերպվել էր պաշտոնական ընդունելություն Սահմանադրական դատարանի հիմնադրման 24-րդ տարեդարձի առթիվ։ Այս մասին հայտնում են ՍԴ աշխատակազմից։
Ընդունելությանը մասնակցել են ՍԴ դատավորներն ու աշխատակազմի աշխատակիցները: Հայաստանի Հանրապետության պետական օրհներգից հետո ելույթ ունեցավ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը: Իր ելույթում ՍԴ նախագահը, շնորհավորելով ՍԴ դատավորներին և աշխատակազմի աշխատակիցներին դատարանի հիմնադրման 24-րդ տարեդարձի առթիվ, անդրադարձ է կատարել Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության ընթացքում դատարանի ունեցած դերակատարությանը, վերջինիս առջև ծառացած անցյալ և արդի մարտահրավերներին, և երախտիքի խոսք է հղել հիմնադրման պահից ի վեր դատարանի բոլոր դատավորներին ու նախկին նախագահին՝ սահմանադրական արդարադատության իրականացման և Սահմանադրության գերակայության պահպանման գործին իրենց նվիրման, ինչպես նաև ողջ աշխատակազմին՝ դատարանի կայացմանն ու բնականոն գործունեության ապահովմանն ուղղված ջանքերի համար:
Տոնական ընդունելության ընթացքում ՍԴ դատավորներն ու դատարանի աշխատակազմի աշխատակիցները հնարավորություն ունեցան շնորհավորանքի խոսքեր և բարեմաղթանքներ փոխանակել միմյանց հետ։