Չինաստանից Հայաստան ժամանած հայեր են եղել, որոնք ունեցել են ջերմություն․ նրանք հոսպիտալացվել են

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից Իրավաբան.net-ը տեղեկանում է, որ Հայաստանի սահմանային անցակետերում քաղաքացիների հոսպիտալացումներ են եղել։ Եղել են նաև Չինաստանից Հայաստան ժամանած հայեր, որոնք ունեցել են ջերմություն։ Նրանք և ոչ միայն նրանք մեկուսացվել եւ հոսպիտալացվել են։

Տեսչական մարմնից հայտնում ենք, որ անհանգստանալու հարկ չկա, և նշում, թե ինչո՞ւ այս մասին ոչինչ չի հրապարակվել։

«Սրանք Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի ընթացիկ հսկողական աշխատանքներն են՝ ուղղված կորոնավիրուսի ներթափանցումը կանխելուն։ Սրանց սահուն հաջորդում են Առողջապահության նախարարության աշխատանքները։

Չինաստանից ժամանած կամ այդ երկրում վերջին 14 օրվա ընթացքում գտնված յուրաքանչյուր անձ, ում մոտ սահմանը հատելիս ջերմաչափման արդյունքում արձանագրվում է 37 եւ բարձր ջերմություն, անձնակազմի եւ ուղեւորների հետ շփումը սահմանափակելու նպատակով մեկուսացվում եւ հոսպիտալացվում է։ Նրանց առողջական հետագա վիճակով շարունակում է զբաղվել արդեն առողջապահության նախարարությունը։

Բարեբախտաբար, մինչ օրս հոսպիտալացված անձանցից եւ ոչ մեկի մոտ հիվանդությունը չի հաստատվել։ Այս առումով պարբերաբար տրամադրվում է ամփոփ սպառիչ տեղեկատվություն, երբ ԱՆ-ն ունենում է համապատասխան հետազոտությունների արդյունքները։

Ավելորդ խուճապի կարիք չկա։ Կարեւորը՝ պատկան մարմիններն իրենց տեղում են։

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն օդային եւ ցամաքային սահմանին շարունակում է ուժեղացված հսկողական աշխատանքները։

Կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան կանխելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով։ ԱԱՏՄ-ն սերտորեն գործակցում է պատկան այլ կառույցների հետ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել