«Հանրաքվեի մասին» օրենքը սահմանում է, թե որ դեպքում, ինչ պայմաններում և ում նախաձեռնությամբ կարող է հանրաքվե անցկացվել։
Այսպես, օրենքի համաձայն՝ հանրաքվեն ժողովրդի կողմից անմիջականորեն իշխանության իրականացումն է` Սահմանադրություն ընդունելու կամ դրանում փոփոխություններ կատարելու, օրենքներ ընդունելու, ինչպես նաև պետական կյանքի կարևորագույն հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելու եղանակով:
Հանրաքվե անցկացվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
Այն անցկացվում է ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ: Յուրաքանչյուր քաղաքացի ունի մեկ ձայնի իրավունք:
Մասնակցությունը հանրաքվեին ազատ է: Քաղաքացիների կամքի արտահայտման վրա հսկողությունն արգելվում է:
Հանրաքվեին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության` 18 տարին լրացած քաղաքացիները: Դրան չեն կարող մասնակցել դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված և պատիժը կրող քաղաքացիները:
Հանրաքվեի չեն կարող դրվել`
ա) Սահմանադրության 1-ին, 2-րդ և 114-րդ հոդվածների փոփոխության վերաբերյալ հարցերը.
ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:
Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Հոդված 114. Հրատապ թեմայով քննարկումները
Հերթական նստաշրջանի` նիստերի շաբաթվա ընթացքում գումարվող նիստերից մեկում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով կարող են անցկացվել հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկումներ:
բ) Հանրապետության գործող Նախագահի և գործող Ազգային ժողովի, ինչպես նաև գործող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ժամկետի երկարաձգման կամ կրճատման հարցերը.
գ) մարդու և քաղաքացու իրավունքներին, ազատություններին ու պարտականություններին, դրանց իրականացումն ապահովող սահմանադրական երաշխիքների վերացմանը կամ սահմանափակմանը վերաբերող, ինչպես նաև Սահմանադրությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բացառիկ իրավասությանն ուղղակիորեն վերապահված հարցերը:
Հանրաքվե չի կարող անցկացվել Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում մինչև նորընտիր Նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը, Հայաստանի Հանրապետության բնակչության ավելի քան մեկ երրորդն ընդգրկող տարածքում արտակարգ և ռազմական դրություն հայտարարվելու դեպքում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում արտակարգ կամ ռազմական դրությունը վերացվելուց հետո` երկամսյա ժամկետում: Հանրաքվեի արդյունքների պաշտոնական հրապարակման պահից սկսած` մեկ տարվա ընթացքում, միևնույն հարցի կամ միևնույն բովանդակությունն ունեցող հարցի վերաբերյալ չի կարելի անցկացնել կրկնակի հանրաքվե:
Սահմանադրություն ընդունելու կամ դրանում փոփոխություններ կատարելու հարցով հանրաքվե անցկացնելու նախաձեռնության իրավունք ունի Հայաստանի Հանրապետության Նախագահը կամ Ազգային ժողովը:
Ազգային ժողովը Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագծին «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով համաձայնություն տալուց հետո նախագիծն ուղարկում է Հանրապետության Նախագահին` հանրաքվեի դնելու համար:
Հանրաքվեն նշանակում է Հանրապետության Նախագահը` Ազգային ժողովի առաջարկած նախագիծն ստանալուց հետո` քսանմեկօրյա ժամկետում:
Հանրաքվեն պետք է անցկացվի հանրաքվե անցկացնելու մասին Հանրապետության Նախագահի հրամանագրի պաշտոնական հրապարակման օրվանից ոչ շուտ, քան 50 և ոչ ուշ, քան 65 օր հետո:
Պետական կյանքի կարևորագույն հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքի բացահայտմանն ուղղված հանրաքվե անցկացնելու նախաձեռնության իրավունք ունի կառավարությունը:
Հանրային իրազեկումն ապահովելու նպատակով հանրաքվե նախաձեռնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը հանրաքվեի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 21 օր առաջ հրապարակվում է «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում»: Նույն ժամկետում որոշման տեքստը հանձնվում է զանգվածային լրատվության միջոցներին:
Հանրաքվեի տեղամասերը և տեղամասային կենտրոնները կազմավորվում են հանրաքվեի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 21 օր առաջ:
Զինվորական մասերի ղեկավարները համապատասխան համայնքի ղեկավարին, լիազոր մարմին և համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով հանրաքվեի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 21 օր առաջ ներկայացնում են զինվորական մասերում հաշվառված հանրաքվեի մասնակիցների թիվը:
Տեղամասային հանձնաժողովները կազմավորվում են Հայաստանի Հանրապետության ընտրական oրենսգրքով` տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմավորման համար սահմանված կարգով հանրաքվեի անցկացման օրվանից ոչ շուտ, քան 16, և ոչ ուշ, քան 19 օր առաջ:
Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակները լիազոր մարմինը տեղամասային կենտրոններում` բոլորի համար տեսանելի տեղում, փակցնում է հանրաքվեի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 20 օր առաջ: