ՊԲ զորամասերից մեկում հունվարի 30-ին տեղի ունեցած մահվան ելքով դեպքի հանգամանքները պարզելու համար բանակի հրամանատարի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից անց է կացվել ծառայողական քննություն:
Քննության արդյունքներով որոշում է կայացվել մի շարք ավագ սպանների, այդ թվում՝ զորամասի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալին և դիվիզիոնի հրամանատարին զորացրել զինված ուժերի շարքերից:
Նույն գործի շրջանակում խիստ կարգապահական տույժերի են ենթարկվել զորամասի հրամանատարն ու նրա տեղակալները, իսկ որոշ պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվել է պաշտոնի իջեցում:
Հավելենք նաև, որ հետաքննությունը շարունակվում է և տույժի ենթարկված տվյալ պաշտոնատար անձիք այդքանով հանդերձ չեն ազատվում հետագա հնարավոր քրեական պատասխանատվությունից:
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի տվյալների համաձայն, 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը:
Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դ. Մ.-ին մեղադրանք է առաջադվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Նշենք, որ նա Ազգային ժողովի նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին է։
Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Դ.Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու համար: