Հայաստանում աճող 3 տեսակի ձնծաղիկներից 2-ի գոյությունը վտանգված է․ քրեական պատիժ է նախատեսված՝ դրանք հավաքելու համար

Ձնծաղիկի (լատ.՝ Galanthus) որոշ տեսակներ ընդգրկված են Հայաստանի Հանրապետության բույսերի կարմիր գրքում։ Հայտնի է ձնծաղիկի մոտ 20 տեսակ, ՀՀ-ում աճում է դրանցից 3-ը։ Դրանք են՝ ձնծաղիկ ալպիական (Galanthus alpinus), ձնծաղիկ անդրկովկասյան (Galanthus transcaucasicus), ձնծաղիկ Արտյուշենկոյի (Galanthus artjuschenkoae)։

Նշենք, որ Կարմիր գրքում են ընդգրկված նշված 3 տեսակներից 2-ը՝ ալպիականը և Արտյուշենկոյի տեսակի ձնծաղիկը։

Ալպիականը վտանգված տեսակ է։ Իսկ 2-րդը ընդգրկված է խոցելիների ցանկում։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված բույսերի, կամ այդպիսի բույսերի արմատների, ծաղիկների, պտուղների ինքնագլուխ հավաքման դեպքում սահմանում է տուգանք քաղաքացիների նկատմամբ` 80 հազար դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 150 հազար դրամի  չափով:

Քրեական օրենսգրքի 295-րդ հոդվածը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված օրգանիզմների բնակության անհետացող կամ հազվագյուտ վայրերը ոչնչացնելը, որը դիտավորությամբ կամ անզգուշությամբ առաջացրել է այդ օրգանիզմների ամբողջական պոպուլյացիաների բնաջնջում (մահ)՝ պատժվում է տուգանքով՝ 200-600 հազար դրամի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:

ՔՕ 296-րդ հոդվածն էլ սահմանում է, որ անտառային հողերում, ինչպես նաև անտառային հողերի մեջ չմտնող տարածքներում ծառերը, թփերը ապօրինի հատելը կամ ոչնչացնելը, կամ հատումներն արգելված ծառերը, թփերը հատելը կամ ոչնչացնելը, ծառերը, թփերն առանց թույլտվության տեղափոխելը, պետական, համայնքային կամ այլ անձանց սեփականություն համարվող բուսածածկը ոչնչացնելը կամ մինչև աճի դադարեցման աստիճանի վնասելը, եթե բուսատեսակը  Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում գրանցված է եղել՝ պատժվում է տուգանքով` 1-2 միլիոն դրամի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ 5-7 տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ առանց դրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել