Արցախի ՊԲ հայտարարությունը՝ ««էլիտար» զորամասի, բարձրաստճան պաշտոնյաների որդիների» մասին

Ի պատասխան auroranews.am-ի «Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը. Ուշագրավ մանրամասներ» վերտառությամբ փետրվարի 3-ի հրապարակման՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ զորամասը, որին անդրադարձել է տվյալ լրատվամիջոցը, իրավամբ ունի էլիտարի համբավ, քանի որ ինչպես Արցախյան առաջին պատերազմում, այնպես էլ 2016թ. ապրիլյան քառօրյա առճակատման ժամանակ լրջագույն դերակատարություն է ունեցել հակառակորդի լայնածավալ հարձակումները կասեցնելու և վերջինիս զինադադար պարտադրելու գործում:

«Ընդգծում ենք նաև, որ տվյալ զորամասը մարտական պատրաստությամբ ու պատրաստականությամբ զբաղվելով հանդերձ կրում է նաև մարտական հերթապահություն:

Ինչ վերաբերում է զորամասում բարձրաստիճան պաշտոնյանների որդիների ծառայության մասին շրջանառության մեջ դրված «փաստին», ապա դա ոչ այլ ինչ է, քան տեղեկատվական շահարկում, քանի որ զինված ուժերում նորակոչիկ անձնակազմի ծառայության վայրը որոշվում է բացառապես վիճակահանության սկզբունքով, և որը պարտադիր է բոլոր զինակոչիկների համար՝ անկախ նրանց ծնողների կամ հարազատների զբաղեցրած դիրքից:

Զորամասում տեղ գտած արտակարգ դեպքերի մասով տեղեկացնում ենք, որ դրանց հետ կապված գործընթացները իրականացվել և իրականացվում են ինչպես բանակի կողմից ստեղծված հանձնաժողովների, այնպես էլ ռազմաիրավապահ մարմինների կողմից, որոնց արդյունքում մեղավորները պատասխանատվության են ենթարկվում օրենքի տառին համապատասխան:

ԱՀ պաշտպանության նախարարությունը հորդորում է բոլորին ձեռնպահ մնալ բանակի վերաբերյալ չճշտված տեղեկություններ հրապարակելու գայթակղությունից և հետևել բացառապես պաշտոնական աղբյուրներին»,-ասվում է հայտարարության մեջ։

Հավելենք, որ Auroranews․am-ի հայտնած տեղեկության համաձայն՝ լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զորամասերից մեկի զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան հետ առնչվող զինծառայողների մասին։ «Մասնավորապես մեզ հայտնի է դարձել, որ Ստեփանակերտից ոչ հեռու տեղակայված N զորամասում ծառայում են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների որդիներ։ Auroranews.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչ է կատարվում նշված զորամասում։

«Հարուստների երեխեքին ուղարկում են այս զորամաս, որ ասեն Ղարաբաղում է ծառայում, բայց դիրքեր էլ չեն բարձրանում»,- նշեց մեր զրուցակիցը, ում անձնական տվյալները հասկանալի պատճառներով գաղտնի ենք պահում։ Մեր զրուցակցի խոսքով՝ զորամասում ձևավորված է «կլան», որը ճնշում է գործադրում զինծառայակիցների նկատմամբ»,-ասվում է հրապարակման մեջ։

Նշվում էր նաև, որ վերոնշալ զորամասում են զառայում ԱԱԾ պաշտոնյա Կարեն Սահակյանի որդին՝ Հակոբ Սահակյանը, ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանի տղան, ԱԺ նխակին պատգամավոր Առաքել Մովսիսյանի տղան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել