Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հունվարի 21-ին նոր հրաման է ստորագրել, որով հաստատել է դեղատանը պատրաստվող դեղերի փաթեթավորմանը և պիտակավորմանը ներկայացվող պահանջները։
Հրամանը ուժի մեջ է մտել փետրվարի 2-ին։
ԴԵՂԱՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՂ ԴԵՂԵՐԻ ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆԸ ԵՎ ՊԻՏԱԿԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Դեղատանը անհատական դեղատոմսերով պատրաստված դեղերը պիտակավորվում են դեղաձևին համապատասխան՝ պիտակի վրա ներառելով հայերեն լեզվով հետևյալ գրառումները`
1) Դեղատնային գործունեություն իրականացնող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, լիցենզիայի համարը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը
2) պացիենտի անունը, ազգանունը, իսկ ներհիվանդանոցային դեղատանը պատրաստված դեղերի պիտակի վրա նաև դեղը պատվիրող բաժանմունքի անվանումը
3) դեղի բաղադրությունը
4) օգտագործման եղանակը (օրինակ՝ ներքին, արտաքին) կամ դեղաձևը (օրինակ՝ ակնակաթիլ, քսուք)
5) պատրաստման ամսաթիվը
6) պիտանիության ժամկետը
7) դեղաձևին համապատասխան նախազգուշական գրառումները.
ա) հեղուկ դեղախառնուրդների դեպքում` «պահել զով և լույսից պաշտպանված տեղում», «օգտագործելուց առաջ թափահարել»
բ) քսուքների, ակնաքսուքների և ակնակաթիլների դեպքում` «պահել զով և լույսից պաշտպանված տեղում»
գ) ներքին օգտագործման կաթիլների դեպքում` «պահել լույսից պաշտպանված տեղում»
դ) բոլոր պիտակների վրա` «պահել երեխաներին անհասանելի տեղում»
8) օգտագործման ձևի մանրամասն նկարագրությունը.
ա) հեղուկ դեղախառնուրդների համար` «…-ական գդալ, օրական … անգամ, ուտելուց … …»
բ) ներքին օգտագործման կաթիլների համար` «…-ական կաթիլ, օրական … անգամ, ուտելուց … …»
գ) ներքին օգտագործման դեղափոշիների համար` «…-ական փաթեթ, օրական … անգամ, ուտելուց … …»
դ) ակնակաթիլների համար` «…-ական կաթիլ, օրական … անգամ»,
ե) արտաքին օգտագործման կաթիլների համար` «…-ական կաթիլ, օրական … անգամ»:
2. Ներդեղատնային պատրաստումների պիտակների վրա սույն պահանջների 1-ին կետի 2-րդ ենթակետի փոխարեն նշվում է սերիայի համարը: