Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Փամբուխչյանը առաջարկում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարել։
Օրենքի նախագծով, մասնավորապես, առաջարկվում է՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրվի տարկետում 6 ամիս ժամկետով այն քաղաքացուն, որի ընտանիքի անդամը մահացել է հայտարարված զորակոչի ընթացքում՝ հնարավորություն տալով քաղաքացուն հաղթահարել ընտանիքի անդամի մահվան հոգեբանական տրավման:
Հեղինակը նշում է, որ գործող օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված դեպքերում, ընտանեկան պայմաններից ելնելով, հայտարարված զորակոչին ենթակա քաղաքացուն տրվում է տարկետում, սակայն բաց է թողնված ընտանիքի անդամի մահվան դեպքը, որը խախտում է ընտանիքի մյուս անդամների կյանքի բնականոն ընթացքը, խախտվում է մարդու հոգեկան հավասարակշռությունը: Արդյունքում խնդիր է ծագում վերականգնել այդ հավասարակշռությունը՝ այլ կերպ ասած համակերպվել ընտանիքի անդամի կորուստի փաստին: