Հունվարի 30-ին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Այս մասին Իրավաբան․net-ի հետ զրույցում հայտնեց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
Նա նշեց, որ Վենցյանը հարցաքննվել է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման հայտնի գործով և Ֆուտբոլի ֆեդերացիայում կատարված չարաշահումների գործով՝ որպես վկա։
Նաիրա Հարությունյանի փոխանցմամբ՝ Վանեցյանի հեռախոսը ևս զննության է ենթարկվել։
Հիշեցնենք, որ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին Youtube-ում տեսանյութ էր տարածվել, որում ներկայացվում էր Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը:
Նրանք զրուցում էին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հանդեպ խափանման միջոցի ընտրության, Սեյրան Օհանյանին ձերբակալելու մասին: