Երեխաների ապօրինի որդեգրման գործով անցնող «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվել է կալանքը։ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ հունվարի 29-ին, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, բավարարել է դատախազության բողոքը։
Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանից։
Հիշեցնենք, որ ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով ձերբակալվել էին «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը, «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը և ևս 2 անձ։
Լիանա Կարապետյանը գործով որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ հոդվածով (Ծնողներից կամ այն անձանցից, որոնց վրա դրված է երեխայի դաստիարակության և խնամքի պարտականությունը երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, և որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից, կամ անզգուշությամբ առաջացրել են երեխայի մահ կամ այլ ծանր հետևանքներ), 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիքը) համաձայն։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել գրավը (3 միլիոն դրամի չափով)։ Դատախազությունը բողոքարկել էր որոշումը՝ նշելով, որ գրավի կիրառումը ի զորու չէ չեզոքացնելու կալանքի ընտրության այն հիմքերը, կամ մեղադրյալների պատշաճ վարքագծի հետ կապված ռիսկերը, որոնք դատարանը նշել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու իր որոշմամբ: