Շոկի մեջ եմ գրիչի գինն իմանալով. Նիկոլ Փաշինյանը՝ Հրայր Թովմասյանի նվիրած գրիչի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Շոկի մեջ եմ գրիչի գինն իմանալով: Փաստորեն ՍԴ նախագահի պաշտոնին կեղծիքի միջոցով տիրացած անձը թանկարժեք ընծա է մատուցել երկրի նորանշանակ վարչապետին, այդ պրոցեսը համեմելով «իջեւանցու փեսա» լինելու նուրբ ակնարկներով։

Կլանային կառավարման ավանդույթներ ունեցող երկրում սա կարեւոր նրբություն է։ Ի՞նչ է սա, եթե ոչ սեփական ծառայությունների մատուցման առաջարկ, պաշտոնը պահպանելու դիմաց։

Իսկ հիբրիդային հեղաշրջման մասնակիցները արդեն հրապարակային դրսեւորվում են։ Բայց ինչպես ասել եմ, բոլոր դավադրությունների ողնաշարը ջարդված է։

Դուխով, ժողովուրդ ջան։ Զբաղվում ենք տնտեսական հեղափոխությանը նոր տեմպ հաղորդելով։ Մնացած հարցերը հընթացս եւ ձեռքի հետ կլուծենք»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ երեկ Կապանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իրեն պարբերաբար իր ծառայություններն է առաջարկել, ինչին արձագանքելով՝ Թովմասյանը հայտարարություն էր տարածել։

ՍԴ նախագահը պահանջել էր,  որ Փաշինյանը հրապարակավ վկայակոչի գոնե մեկ արժանահավատ փաստ, մեկ օբյեկտիվ փաստական տվյալ՝ ասածն ապացուցելու համար։ Փաստի հրապարակման համար Հրայր Թովմասյանը վարչապետին 20 օր ժամանակ էր տվել՝ նշելով, որ հակառակ դեպքում հայց կներկայացնի Փաշինյանի դեմ։

Ի պատասխան այս հայտարարության՝ վարչապետը խոստացել էր Կապանից Երևան հասնելուն պես հրապարակել փաստ այն մասին, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել իրեն, այսօր գրառում է արել իր ֆեսյբուքյան էջում և գրառմանը կից հրապարակել գրչի լուսանկար, որը, ըստ վարչապետի, իրեն է նվիրել Հրայր Թովմասյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել