Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա մամուլի ասուլիսին և այսօրվա գրառմանը՝ Հրայր Թովմասյանի նվիրած գրիչի մասին:
«Կարծում եմ՝ երեկվա ասուլիսից ու այսօրվա գրիչի պատմությունից հետո իշխող կուսակցությունը, ազգային անվտանգության նկատառումներից ելնելով, պետք է քննարկի իր շարքերից վարչապետի նոր թեկնածու առաջադրելու հարցը»,-գրել է Վանեցյանը։
Հիշեցնենք, որ երեկ Կապանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իրեն պարբերաբար իր ծառայություններն է առաջարկել, ինչին արձագանքելով՝ Թովմասյանը հայտարարություն էր տարածել։
ՍԴ նախագահը պահանջել էր, որ Փաշինյանը հրապարակավ վկայակոչի գոնե մեկ արժանահավատ փաստ, մեկ օբյեկտիվ փաստական տվյալ՝ ասածն ապացուցելու համար։ Փաստի հրապարակման համար Հրայր Թովմասյանը վարչապետին 20 օր ժամանակ էր տվել՝ նշելով, որ հակառակ դեպքում հայց կներկայացնի Փաշինյանի դեմ։
Ի պատասխան այս հայտարարության՝ վարչապետը խոստացել էր Կապանից Երևան հասնելուն պես հրապարակել փաստ այն մասին, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել իրեն, այսօր գրառում է արել իր ֆեսյբուքյան էջում և գրառմանը կից հրապարակել գրչի լուսանկար, որը, ըստ վարչապետի, իրեն է նվիրել Հրայր Թովմասյանը։