Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը անդրադարձել է ԱԺ կարիքների համար կեղծ մեդալների ձեռքբերման գործընթացում կատարված չարաշահումների․ «Ամիսներ առաջ բացահայտեցինք, որ 2015-2016թթ․ ԱԺ աշխատակազմի ձեռք բերած ԱԺ պատվո մեդալները և ԱԺ նախագահի հուշամեդալները, որոնք ըստ տեխնիկական բնութագրերի պետք է լինեին ոսկու շերտով պատված արծաթից, իրականում պատրաստված են եղել պղինձ-ցինկի համաձուլվածքից։
Ուրախ եմ տեղեկանալ, որ Քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժնի աշխատանքների արդյունքում լուրջ բացահայտումներ են արվել։ Դատախազության կողմից երկու անձի մեղադրանք է առաջադրվել։
Դատարանի որոշմամբ երկու մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, երկուսի դեպքում էլ կալանավորումը փոխարինվել է գրավով։ Դատարանի որոշումները դատախազության կողմից բողոքարկման փուլում են։
Ուշագրավ է, որ վարույթի շրջանակներում ուսումնասիրությունների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ ԱԺ աշխատակազմում նշված ժամանակահատվածում նաև այլ առերևույթ կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ: Նախաքննությունը շարունակվում է»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ 2019թ. հունիսի 24-ին ՀՀ ԱԺ իրավական սպասարկման բաժնի գլխավոր մասնագետի կողմից հաղորդում է տրվել այն մասին, որ 2016թ սեպտեմբերից ՍՊ ընկերությունը, իսկ 2017թ. հոկտեմբերից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում անհատ ձեռնարկատերը պայմանագրով նախատեսված արծաթյա մեդալների և հուշամեդալների փոխարեն ԱԺ-ին մատակարարել են մեկ այլ մետաղից պատրաստված մեդալներ և հուշամեդալներ, պատճառելով համապատասխանաբար` 4.5մլն ՀՀ դրամի և 3.5մլն ՀՀ դրամի գույքային վնաս: